Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ուղերձը․
Սիրելի հայրենակիցներ,
Թեև անցած ամիսները շատերիս համար լի էին տարբեր փորձություններով ու զրկանքներով, դրանց մասին խոսելու ու դրանց մանրամասները քննարկելու կարիքը չեմ տեսնում: Փորձությունը մարդու համար է, ու մեզանից ամեն մեկը հաջողության ճանապարհին բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել։ Անցել ենք ու ավելի ուժեղ դարձել։
Անցած ամիսներին առաջ եկած երկու ուրիշ կարևոր հանգամանք կա, որոնց մասին ուզում եմ ասել այսօր:
Նախ, սկսվեց փոքրիկ խմբակի բացահայտ տապալումը։ Ապացուցվեց այն, ինչի մասին խոսում էինք վաղուց։ Հայի ոգին ու հայի հավատը հնարավոր չէ կոտրել, որքան էլ որ հմուտ ու անարժեք լինեն փորձողները: Հայերիս հնարավոր է ճնշել ու հալածել, բայց հնարավոր չէ դավանափոխ անել` բառի ամենալայն իմաստով: Իրենց այս պարտությունը ու հայ ժողովրդի այս հաղթանակը պետք է գալիք ընտրություններին մինչև վերջ հասցնենք` սկսելով մեր հայրենիքի վերածնունդը:
Երկրորդ հանգամանքը: Անցած ամիսների իրադարձությունները թույլ տվեցին բոլորին` ներսում թե դրսում, վերջապես տեսնել ու հասկանալ, որ փոքրիկ խմբակի ուզածը մեկ բան է, ընդամենը մեկ բան` մնալ իշխանության: Մնացածը՝ սուտ խոսքեր են: Մնալ իշխանության ամեն գնով, իշխել` թքած ունենալով ազգային ու պետական արժեքների, շահերի, մեր ու մեր երեխաների արժանապատիվ ապագայի, հեղինակության վրա:
Վստահ եմ, որ մենք միասին, հետևողական աշխատանքով, մեր հասարակությանը համախմբելով թույլ չենք տալու այդ ամենը:
Մի առիթով հայտարարել էի` Հայ ժողովուրդը վաղուց վաստակել է սեփական երկրում լավ ապրելու իրավունքը:
Այս շաբաթ մենք ներկայացրեցինք իմ տնտեսական ծրագրի առաջին հինգ քայլերը` դեպի Ուժեղ Հայաստան:
1. 300,000 նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ մարզերում,
2. O հարկ՝ փոքր բիզնեսի համար,
3. 20% էժան դեղորայք՝ բոլորի համար,
4. Բերքի երաշխավորված մթերում գյուղերում,
5. 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ:
Ես դրանք երաշխավորում եմ:
Մեզ միացողները միլիոնավոր հայեր են լինելու: Նրանք, ովքեր պատկերացնում են, թե ինչպիսի վերելք է ապրելու մեր երկիրը, երբ մեկ մարդու խաղալիք դարձած պետությունից կվերածվի մի քանի տասնյակ տաղանդավոր ու նշանավոր հայերի կողմից առաջնորդվող երկրի: Մենք միասին շատ արագ այս նվաստացման ռեժիմից անցնելու ենք բարեկեցության իրավիճակի:
Մենք միասին երաշխավորված ու հարատև խաղաղության պայմաններում շատ արագ Հայաստանը վերածելու ենք կրթված, առողջ, ապահով ու զարգացած երկրի` Ուժեղ Հայաստանի:
Ժամանակը մոտ է: Անելու ենք՝ մեր ձևով: