Շինկազմակերպությունների համար օդի աղտոտման նվազեցման նոր նորմեր են սահմանվել․ Խախտողները կարող են կզրկվել լիցենզիայից

Շինկազմակերպությունների համար օդի աղտոտման նվազեցման նոր նորմեր են սահմանվել․ Խախտողները կարող են կզրկվել լիցենզիայից

26 հունվարի 2026 – 16:51 AMT

PanARMENIAN.Net – Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հայտնել է, որ մայիսի 1-ից շինարարական կազմակերպությունների համար ուժի մեջ կմտնեն նոր նորմեր՝ ուղղված օդի աղտոտվածության նվազեցմանը։

Նրա խոսքով՝ մինչև այդ ժամանակը կառուցապատողները հնարավորություն կունենան վերակահավորել շինհրապարակները և հարմարվել պահանջներին, հայտնում է Panorama.am-ը:

«Բոլոր սեփականատերերը՝ կառուցապատողները կամ շինարարները, իրականացնելու են կահավորման աշխատանքները: Հիմնականում դա մեծ գումարի հետ չէ կապված; Օրինակ՝ այն ճանապարհները, որոնցով շինհրապարակում երթևեկում են տրանսպորտային միջոցները շինարարությունը սպասարկելու համար, պետք է բետոնապատվեն: Դա մեծ ծավալի աշխատանք չէ»,- նշել է Վարդանյանը։

Նրա փոխանցմամբ՝ շինհրապարակների հողային հատվածները պետք է խճապատվեն՝ փոշու տարածումը նվազեցնելու նպատակով։ Բացի այդ, հողային աշխատանքների ընթացքում պահանջվելու է տեղադրել ջրային մառախուղ առաջացնող սարքավորումներ, որոնք կօգնեն կանխել փոշու արտանետումը մթնոլորտ։

«Կառուցապատողները դա կարող են և՛ կարճաժամկետ վարձակալությամբ վերցնել, և՛ ձեռք բերել իրենց համար ու օգտագործել բոլոր փուլերում»,- մանրամասնել է Վարդանյանը։

Ավելին, շինհրապարակներում պարտադիր կլինի նաև համապատասխան սարքավորումների տեղադրում, որոնք կվերլուծեն և կհաշվարկեն օդի աղտոտվածության մակարդակը։

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը ընդգծել է, որ եթե կազմակերպությունները չկատարեն սահմանված նորմերը, հնարավոր է զրկվեն իրենց լիցենզիայից կամ այն կասեցվի։

Leave a Comment