Շրջակա միջավայրի նախարարն ասուլիսին ներկայացել է COP17-ի պաշտոնական տարբերանշանով

Հասարակություն

26.01.2026 | 16:10

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը տարեկան ամփոփիչ ասուլիսին ներկայացել է COP17-ի պաշտոնական տարբերանշանով։ Նախարարը պիջակին COP17-ի կրծքանշանով է եղել։ 

ՇՄՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ տարբերանշանի հիմքում ընտրված է Երևանյան կապտաթիթեռը՝ Հայաստանի լեռնաշխարհին բնորոշ կարմիրգրքյան էնդեմիկ տեսակ։ 

COP17-ի վիզուալ ինքնությունը ձևավորված է թիթեռի կենսաշրջանի գաղափարի շուրջ՝ ձու, թրթուր, պատյան և թռիչք, ինչը  նույնականացվում է բնական համակարգերի շարունակականության, բազմազանության ու վերականգնման կարողության հետ։

Թիթեռի ուրվագիծը կազմված է 23 գույնից, որոնք համապատասխանում են Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակներին, ինչպես նաև մեկ հիմնական կապույտ գույնից՝ խորհրդանշելով թիթեռի ինքնությունը։ Գունային կառուցվածքն ընդգծում է համաժողովի հիմնական ուղղվածությունը՝ գործողությունների միջոցով ապահովել բնության կայունությունն ու կենսունակությունը։ 

Նշենք, որ համաժողովի կարգախոսն է՝ «Գործելով հանուն բնության»։

Անի Թամրազյան

Leave a Comment