102 և 911 ծառայություններն ամբողջությամբ թվայնացված են, մինչև փետրվարի 15–ը կամբողջացվի 112–ի ընդհանուր թվայնացման գործընթացը․ նախարար

Փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը


ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․102 և 911 ծառայություններն ամբողջությամբ թվայնացված են, մինչև փետրվարի 15–ը կամբողջացվի 112–ի ընդհանուր թվայնացման գործընթացը։

Այս մասին հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ այսօր կայացած 2025թ․–ի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ։


Քննարկման ընթացքում ներկայացվել է փետրվարին գործարկվելիք 112 օպերատիվ կառավարման կենտրոնի տրամաբանությունը՝ շեշտելով, որ նոր մոդուլը կմիավորի Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը (1-02) և Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը (9-11)՝ երկրորդ փուլով` 2027թ.-ի սկզբին շտապօգնության (1-03) կանչերի սպասարկումը միավորելու հեռանկարով։ 


Վարչապետը հետաքրքրվել է 84-22 հեռախոսահամարով գործող զանգերի կենտրոնի գործունեության վերաբերյալ, որին ի պատասխան՝ նախարար Սարգսյանը նշել է, որ այն Միգրացիայի և քաղաքացիական ծառայության զանգերի կենտրոնն է։


«Աշխատակիցները համակարգով զանգը ստանում են, այն ամբողջությամբ հետագծելի է՝ երբ պատասխանեցինք, երբ հետադարձ կապ հաստատեցինք»,– նշել է նախարարը՝ ավելացնելով, որ այս նույն տրամաբանությունը պիլոտավորելու են Ոստիկանությունում և նախարարության հանրային ծառայությունների մյուս հատվածում։


Միաժամանակ, Արփինե Սարգսյանը նշել է, որ 102 և 911 ծառայություններն ամբողջությամբ թվայնացված են, մինչև փետրվարի 15–ը կամբողջացվի 112–ի ընդհանուր թվայնացման գործընթացը։ Վարչապետ Փաշինյանն իր հերթին նկատել է, որ ամբողջը միավորվելու է և դառնալու է մեկ Օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ էլ կայացվելու են որոշումները, թե որ ահազանգով որ ծառայությունը պետք է զբաղվի։

Leave a Comment