Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի
այցելել էր Լիտվա և հարգանքի տուրք մատուցել Ռուսական կայսրության դեմ 1863
թվականի Հունվարյան ապստամբությանը մասնակցածների հիշատակին։ Ապստամբությունը
ընդգրկել է այն ժամանակվա Լեհական թագավորությունը և ներկայիս Բելառուսի ու Լիտվայի
տարածքները։
Ելույթ ունենալով Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի ունեցած
հիշատակի արարողությանը՝ Զելենսկին Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորությամբ
Բելառուսի Հանրապետությունը անվանել է «Ռուսաստանի գեներալ-նահանգապետություն»՝
նշելով, որ «Լուկաշենկոյի սպիտակ շպիցին այժմ ավելի շատ բան է թույլատրվում, քան
բելառուս ժողովրդին»։
Նրա խոսքով՝ Ուկրաինան,
որը հետ է մղում ռուսական ագրեսիան, այժմ կարող է ծառայել որպես օրինակ այն բանի, որ
ազատության իրական կամքը չի կարող ճնշվել, և հույս է հայտնել, որ բելառուս ժողովուրդը
նույնպես ազատ կլինի։
Ուկրաինայի նախագահը
նշել է, որ Բելառուսի իշխանությունները ներկայումս աջակցում են Ռուսաստանի պատերազմին
ընդդեմ Ուկրաինայի, այդ թվում՝ գործնական գործողություններով։