Աշոտյան. Կարող ենք կապիտալիզացնել Վենսի այցը մեր հայրենակիցների ազատության տեսքով

Աշոտյան. Կարող ենք կապիտալիզացնել Վենսի այցը մեր հայրենակիցների ազատության տեսքով

24 հունվարի 2026 – 14:39 AMT

PanARMENIAN.Net – ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Դի Ջեյ Վենսի փետրվարին Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի մասին լուրին, գրել է, որ այդ այցը կարելի է կապիտալիզացնել գերիների ազատության հասնելու տեսքով:

Նա հհիշեցրել է, որ ԱՄՆ հատուկ բանագնացին հաջողվել էր Մինսկում հասնել մի քանի տասնյակ բելառուս քաղբանտարկյալների ազատությանը:

«Հայտնի դարձավ, որ ԱՄՆ փոխնախագահը փետրվարին այցելելու է ոչ միայն Հայաստան, այլև Ադրբեջան։ Այս պահին դնում եմ մի կողմ Երևան և Բաքու կատարվելիք այցերի օրակարգերի ասիմետրիան, թեպետ դա էլ ձախողված արտաքին քաղաքականության արդյունք է:

Կարծում եմ, պետք է մաքսիմալ լարել հայկական ներուժը և հարց բարձրացնել այդ այցի ընթացքում Բաքվում պահվող մեր ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատարձակման մասին։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացին ամիսներ առաջ հաջողվել էր Մինսկում հասնել մի քանի տասնյակ բելառուս քաղբանտարկյալների ազատությանը։

Նույն սցենարը հնարավոր է ինչպես Ալիևի, այնպես էլ Փաշինյանի դեպքում։ Ադրբեջանում՝ քրիստոնյա հայերի, իսկ Հայաստանում՝ առնվազն հոգևոր սպասավորների իրավունքների պաշտպանությունը տեղավորվում է թե Վենսի անձնական, թե Թրամպի վարչակազմի աշխարհայացքի մեջ։

Մնում է մենք՝ Հայաստանում և Սփյուռքում, նպատակային աշխատենք այս ուղղությամբ։ Վստահ եմ՝ կարող ենք կապիտալիզացնել Վենսի այցը մեր հայրենակիցների ազատության տեսքով»,-գրել է նա:

ԱՄՆ փոխնախագահ Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այդ մասին Truth Social սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա հայտնել է, որ միջուկային համաձայնագիր են մտադիր կնքել ՀՀ հետ, իսկ Ադրբեջանին մատակարարել «պաշտպանական սարքավորումներ»:

Leave a Comment