Գերմանիայի Մյունխեն քաղաքի դատարանը մեկ տարի և երկու ամիս պայմանական ազատազրկման է դատապարտել Աքսել Ֆիշերին՝ նրան մեղավոր ճանաչելով Ադրբեջանի շահերը կաշառքի դիմաց առաջ մղելու մեջ։
Դատարանը պարզել է, որ նախկինում Բունդեսթագի պատգամավոր հանդիսացած և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում աշխատած Ֆիշերը գումար է ստացել Ադրբեջանից՝ այդ երկրի դիրքորոշումները պաշտպանելու համար։
Մասնավորապես, 2016 թվականին նա ԵԽԽՎ-ում Արցախի հարցով քվեարկության ընթացքում հանդես է եկել Բաքվին ձեռնտու դիրքերից։
Դատարանի վճռով նա պարտավորվել է վճարել 32 հազար եվրո, այդ թվում՝ 20 հազարը որպես կաշառքի մասնակի վերադարձ։ Ֆիշերին երկու տարի ժամկետով արգելվել է զբաղեցնել պետական պաշտոններ։
Մեղադրող կողմը պահանջում էր ավելի խիստ պատիժ, մինչդեռ պաշտպանությունը պնդում էր արդարացման անհրաժեշտությունը։ Ֆիշերը հերքել է մեղադրանքը։
Նրա հասցեին մեղադրանքներն ի հայտ էին եկել, երբ 2018 թվականին պարզվել էր, որ ԵԽԽՎ մի շարք անդամներ Բաքվից կաշառք էին ստացել Եվրոպայում ադրբեջանական իշխանությունների շահերի լոբբինգի համար։ Ֆիշերին կալանավորել էին 2024-ին։
