24 հունվարի 2026 – 12:22 AMT
PanARMENIAN.Net – ՀԱԵ Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի հայրապետական պատվիրակության մամլո դիվանը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Ավստրիայում անցկացվելիք Եպիսկոպոսաց ժողովի նախաշեմին ներկայացվող մի շարք աղավաղված տեղեկատվություններին:
Նշվում է, որ նպատակը Եպիսկոպոսաց ժողովի նախընթաց շրջանում տեղեկատվական բացասական ֆոն ստեղծելն է, ինչպես նաև ամեն գնով հոգեբանական ճնշում գործադրելը ժողովը չեղարկելու համար, հայտնում է «Փաստինֆոն»:
«Տեղեկացանք, որ «բացառապես ճշմարտությունը խոսող» արմանբաբաջանյաններ ընթերցողի համար մոլորեցնող ու բացահայտ կեղծ տեղեկություններ են հնչեցրել իրենց հարցազրույցներում:
Ավստրիան Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակության կենտրոնն է, որտեղ ՀԱԵ-ն պետականորեն ճանաչված 4-րդ ամենահին կրոնական համայնքն է:
ՀԱԵ-ն անդամակցում է Ավստրիայում Եկեղեցիների Էկումենիկ խորհրդին, որի գործող նախագահը Հայրապետական պատվիրակ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Տիրան եպս. Պետրոսյանն է, որն արդեն երկրորդ անգամ է ընտրվում հիշյալ պաշտոնում (ի դեպ, 2 շրջան անընդմեջ ոչ մի եկեղեցու ներկայացուցիչ չի ընտրվել այդ պաշտոնում):
Սուրբ Հռիփսիմե առաջնորդանիստ եկեղեցին գտնվում է Վիեննա քաղաքում, որին կից գործում է մոտ 200 աշակերտ ունեցող Հովհաննես Շիրազ շաբաթօրյա դպրոցը: Ի տարբերություն ՀՀ, Ավստրիայի հանրակրթական դպրոցներում ո՛չ միայն արտոնվում, այլ նաև խրախուսվում է դասավանդել Հայ եկեղեցու պատմություն առարկան (ուսուցիչներն էլ վճարվում են պետության կողմից)», ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ Վիեննայից բացի ՀԱԵ համայնքները ներկայացված են Ավստրիայի երեք այլ նահանգներում։ Միաժամանակ նշվում է, որ Վիեննայում գործում է նաև Հայ Կաթողիկէ Մխիթարյան միաբանությունը։
«Ինչ վերաբերում է Ավստրիայում գոյություն ունեցող քրեական տարրերի հիշատակմանը, ապա վստահեցնում ենք, որ Ավստրիան, իբրև ժողովրդավարության բաստիոն, օրենքի ողջ խստությամբ կարգի է հրավիրում ոչ միայն քրեածին բոլոր տարրերին, այլ նաև, օրինակ՝ Արման Բաբաջանյանի նման ստախոս և թեմակալ առաջնորդի կնիքը կեղծող խարդախներին, կամ՝ օրինակ Ավստրիայում գործող որևէ հոգևորականին ծիսական տեքստերը «բարեկամաբար» կրճատել հորդորող պետական պաշտոնյաներին, եթե այդպիսիք Ավստրիայում գտնվեին: Ի հավելումն այս ամենի, ցանկանում ենք իրազեկել մեր հանրությանը, որ Եպիսկոպոսաց ժողովի ողջ ընթացքում ավստրիական Պետական Անվտանգության ծառայությունն ապահովելու է բոլոր մասնակիցների անվտանգությունը հիշյալ ենթադրյալ տարրերից, ինչպես նաև ժողովն ամեն գնով չեղարկել ցանկացող ՀՀ իշխանությունների մունետիկներից»,-ասվում է հայտարարության մեջ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ հրավիրյալ Եպիսկոպոսաց ժողովի կանոնականությունը որևէ կերպ չի պայմանավորվում գումարման վայրով: Նշվում է նաև, որ հարկ չկա «հիմնազուրկ պատճառաբանություններով ու կեղծ մեղադրանքներով փորձել ձախողել ժողովի գումարումը արտերկրում»:
Ռամկավար ազատական կուսակցությունը հայտարարությամբ անդրադարձել էր Եպիկսկոպոսաց ժողովոն Ավստրիայում անցկացնելու Մայր Աթոռի որոշմանը՝ նշելով, որ վերջին ամիսներին «հոգևորականների նօրինական ձերբակալությունները ստեղծել են անապահովության մթնոլորտ, ինչն անհնար է դարձնում այս համաշխարհայինժողովի մասնակիցների համար ճանապարհորդությունը դեպի Հայաստան՝ առանց իրենց ենթարկելու անօրինական ձերբակալության հնարավորության»: