Զոհրաբյան․ Դատարանը չի վերականգնել Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում

Զոհրաբյան․ Դատարանը չի վերականգնել Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում

24 հունվարի 2026 – 10:53 AMT

PanARMENIAN.Net – Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը ներկայացրել է իր տեսակետը Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատման գործով և դատական ընթացակարգի վերաբերյալ։

Նա նշել է, որ դատարանը չի վերականգնել Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում «ինչպես մամուլով հայտարարեցին այս ապատեղեկատվությունը»՝ դատարանը պարտավորեցրել է ապահովել, որ Արման Սարոյանը պաշտոնավարի այդ պաշտոնում:

«Դա չի կարող ապահովվել, առանց Կաթողիկոսի տնօրինությունը վերացնելու: Այն տնօրինությունը, որը վեճի առարկա է, և որի վերաբերյալ դատարանը վճիռ չի կայացրել»,-գրել է նա:

Զոհրաբյանն ընդգծել է, որ այս իրավիճակը վկայում է աշխարհիկ և եկեղեցական իրավահարաբերությունների տարբերության մասին, քանի որ քաղաքացի Արման Սարոյանը աշխարհիկ դաշտում կարող է իրավունքներ ձեռք բերել, բայց եկեղեցում հանդես է գալիս այլ անունով՝ որպես Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյան։ Նրա կարծիքով, պետության որևէ մարմին՝ լինի դա գործադիր, թե դատական իշխանություն, իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին՝ ինչը արգելվում է Սահմանադրությամբ և օրենքներով։

Զոհրաբյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր և ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանի գործողությունները, ըստ նրա, լուրջ վնաս են հասցրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։

«Պատկերացրեք, եթե եկեղեցին կարգալույծ անի մի քահանայի, որը դավանաբանական լուրջ խախտում է թույլ տվել, ու այս քահանան որոշի դիմել դատարան, ու այդ գործն էլ որոշի քննել Էդգար Հովհաննիսյանը կամ մի աթեիստ որևէ դատավոր: Ինչ է լինելու հետևանքը: Դատավորը որոշելու է, որ քահանա՞ն է ճիշտ:

Դատավոր Էդգար Հովհաննիսյանը ոչ միայն չպետք է հայցը վարույթ ընդուներ, այլ նաև չպետք է հայցի ապահովման միջոց կիրառեր:

Հայցվոր Արման Սարոյանը խնդրել է հայցի ապահովման միջոց կիրառել, քանի որ հոգեկան տառապանք է ապրում: Մեջբերում եմ միջնորդությունից Արման Սարոյանի խոսքերը՝ «այս պարագայում, իրավիճակն առանձնահատուկ է, քանի որ հոգեկան տառապանքի առաջացման անխուսափելիություն անմիջականորեն և ուղղակիորեն կապված է Հայոց եկեղեցու դավանանքի և վարդապետության սկզբունքների հետ, որոնք ինչպես արդեն իսկ նշվեց, ենթադրում է հոգևոր ծառայության անընդհատությունը և ժամանակով չսահմանափակված լինելը»:

Եվ դատավոր Էդգար Հովհաննիսյանը, ով նաև քննում է մյուս դատավորների կարգապահական գործերը, այստեղ էլ չի տեսել, որ վեճը առնչվում է ներեկեղեցական աշխարհին և մի բան էլ գտել է, որ այդ հոգեկան տառապանքը կասեցնելու համար պետք է հայցի ապահովման միջոց կիրառի:

Եվ ինչ միջոց է խնդրել հայցվորը և ինչ է բավարարել դատավորը այդ հոգեկան տառապանքը վերացնելու համար: Հնարավորություն ստանալ կառավարել Մասյացոտնի թեմի ֆինանսական միջոցները: Ահա եվ հոգեկան տառապանքի վերացման դեղատոմսերից մեկը:

Ոչ Արման Սարոյանը և ոչ էլ դատավոր Էդգար Հովհաննիսյանը հաշվի չեն առել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունն ուժի մեջ է, այն վերացված չէ, և Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, առավել ևս Արման Սարոյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ ՉԷ, հետևաբար չեն կարող հաղթահարել Կաթողիկոսի տնօրինությունը: Դատարանը չի վերականգնել Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում ինչպես ողջ մամուլով հայտարարեցին այս ապատեղեկատվությունը: Դատարանը պարտավորեցրել է ապահովել, որ Արման Սարոյանը պաշտոնավարի այդ պաշտոնում: Դա չի կարող ապահովվել, առանց Կաթողիկոսի տնօրինությունը վերացնելու: Այն տնօրինությունը, որը վեճի առարկա է, և որի վերաբերյալ դատարանը վճիռ չի կայացրել:

Ուսումնասիրել եմ վերջին շրջանի 50 քաղաքացիական գործ (վեճ), որոնք գտնվում են դատավոր Էդգար Հովհաննիսյանի վարույթում, դրանցից ոչ մեկով դատավորը մեկ օրում հայցադիմումը վարույթ չի ընդունել (մեկնաբանություններում կտեղադրեմ այդ 50 գործի համարները): Մինչդեռ Արման Սարոյանի հայցն ընդունվել է վարույթ և հայցի ապահովման միջոց է կիրառվել 1 օրում:

Դատավոր Էդգար Հովհաննիսյանը մի պարադոքսալ մոտեցում էլ է ցուցաբերել: Արման Սարոյանի հայցադիմումը աշխատանքային վեճին չի առնչվում, նույնիսկ այդպիսի ակնարկ չկա և հայցվորը Աշխատանքային օրենսգրքից որևէ դրույթ չի վկայակոչել, այն պարզ պատճառով, որ իրոք աշխատանքային վեճ չկա:

Դատավոր Էդգար Հովհաննիսյանը հայցադիմումը վարույթ է ընդունել ընդհանուր կարգով, քանի որ աշխատանքային վեճի դեպքում, հայցը վարույթ է ընդունվում հատուկ հայցային վարույթի կանոններով: Չնայած դրան, Մայր Աթոռից պահանջել է պատասխան և փաստաթղթեր ներկայացնել աշխատանքային վեճի համար նախատեսված հատուկ հայցային վարույթի կանոններով: Այստեղ դատավոր փորձել է հայցվորից ավելի հայցվոր գտնվել և առավելագույնս պաշտպանել հայցվորի շահերը:

Էդգար Հովհաննիսյանը մոռանում է, որ պատասխան է տալու օրենքի և Աստծու առաջ: Մնացածը՝ դատարանում»,-ասվում է գրառման մեջ:

Դատական նիստը նշանակված է փետրվարի 6-ին:

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել ՀԱԵ-ի դեմ՝ վիճարկելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու Գարեգին Բ-ի որոշումը։ Դատարանը՝ դատավոր ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, հայցը վարույթ ընդունելու հաջորդ օրը կիրառել է հայցի ապահովման միջոց՝ ժամանակավորապես վերականգնելով Սարոյանի պաշտոնը մինչև գործի վերջնական լուծումը։

Leave a Comment