Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները բանակցություններ են սկսել Աբու Դաբիում, հայտարարել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը։ Եռակողմ բանակցությունները, ինչպես սպասվում է, կտևեն երկու օր։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ գլխավոր թեման պետք է լինեն տարածքները։
Միացյալ Նահանգները Աբու Դաբիում ներկայացնում են վերջին ամիսների հիմնական բանակցողները՝ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները: Կրեմլը հայտնել է, որ նրանց միացել է ԱՄՆ Ընդհանուր ծառայությունների վարչության Դաշնային գնումների ծառայության հանձնակատար Ջոշ Գրուենբաումը:
Ուկրաինական պատվիրակության կազմում են Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլո Բուդանովը, նրա տեղակալ Սերգեյ Կիսլիցյան, «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, Ուկրաինայի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը, Գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ Վադիմ Սկբիցկին և մի շարք այլ անձինք։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ ռուսական պատվիրակությունը գլխավորում է Գլխավոր շտաբի (ԳՌՈՒ) գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը, նաև Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններին Ռուսաստանը ներկայացված կլինի բացառապես զինվորականներով։
«Մենք դեռ նրանց անունները չենք նշի։ Նրանք բոլորը զինվորականներ են։ Սա անվտանգության հարցերով զբաղվող աշխատանքային խումբ է. սրանք առաջին բանակցությունները կլինեն», – ասել է նա ։
Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը նույնպես մեկնել է ԱՄԷ: Նա Վիտկոֆի հետ մասնակցելու է Ռուս-ամերիկյան տնտեսական խմբի աշխատանքներին:
Եռակողմ բանակցությունների հիմնական թեման, ըստ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, կլինեն Դոնեցկի և Լուգանսկի մարզերը։ Նա նախորդ օրը հայտարարել էր, որ հանդիպումը կլինի «տեխնիկական մակարդակով»։
«Դոնբասի հարցը գլխավորն է։ Այն կքննարկվի՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչպես են այն դիտարկում երեք կողմերը։ Աբու Դաբիում՝ այսօր և վաղը», – ուրբաթ լրագրողներին ասել է Զելենսկին։
Ուշակովի խոսքով, Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների հիմնական թեման, սակայն, կլինեն «անվտանգության հարցերը»։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է , որ Դոնբասից ուկրաինական զորքերի դուրսբերումը մնում է «շատ կարևոր պայման» Ռուսաստանի կողմից հակամարտության կարգավորման համար։
«Կան նաև այլ նրբերանգներ, որոնք մնում են բանակցությունների օրակարգում», – հավելել է նա։