Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությանը մասնակցելու համար Դավոս մեկնելիս ՀՀ-ն երկկողմ հանդիպումներ չի պլանավորել, Armenia Today-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ըստ նրա՝ արարողության շրջանակում կայացել են միայն կարճատև շփումներ:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ անհասկանալի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկկողմ հանդիպում չունենալու փաստը, երբ Ադրբեջանի նախագահի հետ այդպիսին կայացել է, իսկ ԱՄՆ-ն պարիտետը փորձում է միշտ պահել:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ևս 17 պետության ղեկավարներ: ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների ելույթի ընթացքում կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ Փաշինյանն ու Թրամփը շփվել են։ Այս կարճ զրույցի ընթացքում ԱՄՆ նախագահի ձախ կողմում Ալիևն էր:
ՀՀ կառավարությունը նախքան արարողությունը հավանություն էր տվել խորհրդի կանոնադրության ստորագրմանը:
