Կապանի օդանավակայանի հնարավոր միջազգային շահագործման հարցը կրկին հայտնվել է կառավարության օրակարգում։ Այսօր կայացած նիստում կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.» ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններին, ինչի արդյունքում իրավական նոր դաշտ է ձևավորվում օդանավակայանների կառավարման և կարգավիճակի փոփոխության համար։
Քննարկման ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձրացրեց Կապանի «Սյունիք» օդանավակայանի հնարավոր միջազգային շահագործման հարցը՝ ակնարկելով, որ այն կարող է դառնալ Հայաստանի երկրորդ միջազգային օդանավակայանը։
Կապանի օդանավակայանի հնարավոր միջազգային շահագործման հարցը, ըստ ավիացիայի ոլորտի մասնագետ Հակոբ Ճաղարյանի, գործնական և անվտանգային տեսանկյունից նպատակահարմար չէ։
Oragir.News-ի հետ զրույցում Ճաղարյանը նշեց, որ թեև տեսականորեն անհնար ոչինչ չկա, սակայն միջազգային օդանավակայան գործարկելու համար անհրաժեշտ են մի շարք պարտադիր ծառայություններ՝ անվտանգության համակարգ, մաքսային և սահմանապահ ծառայություններ, սանիտարահամաճարակաբանական վերահսկողություն, որոնք ներկայում Կապանի օդանավակայանում բացակայում են և պահանջում են լուրջ ներդրումներ։
«Ցանկացած միջազգային օդանավակայան պետք է համապատասխանի միջազգային պահանջներին, ինչը նշանակում է ոչ միայն ենթակառուցվածքների ստեղծում, այլ նաև դրանց մշտական սպասարկում։ Հարց է առաջանում՝ այդ ծախսերը ո՞ւմ հաշվին են լինելու և ո՞ր ուղղությամբ թռիչքներ իրականացնելու համար»,– ասաց նա։
Ճաղարյանի խոսքով՝ Կապանի օդանավակայանն ունի աշխարհագրական լուրջ սահմանափակումներ. այն գտնվում է խոր ձորի մեջ, շրջապատված է բարձր լեռներով և անմիջականորեն հարակից է Ադրբեջանին։
Օդանավակայանի թռիչքուղին կարճ է, ինչը թույլ է տալիս շահագործել միայն փոքր, թեթև օդանավեր՝ սահմանափակ թվով ուղևորներով և վառելիքով։
Նա հիշեցրեց, որ նախկինում անգամ «Յակ-40» օդանավերը Կապանից կարողանում էին թռչել միայն խիստ սահմանափակ քաշով, իսկ թռիչքից անմիջապես հետո ստիպված էին մանևրել՝ երբեմն անցնելով Ադրբեջանի օդային տարածքով։
«Այս պայմաններում հարց է առաջանում՝ ինչպիսի օդանավ պիտի իրականացնի միջազգային թռիչքներ, քանի ուղևորով, և արդյոք այդ թռիչքները կարող են լինել եկամտաբեր»,– ընդգծեց Ճաղարյանը։
Մասնագետը նաև շեշտեց անվտանգության խնդիրը՝ հիշեցնելով, որ օդանավակայանը նախկինում ենթարկվել է կրակոցների, իսկ սահմանը գտնվում է ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։
«Թռիչքային անվտանգության պայմաններ պարզապես չկան։ Նման միջավայրում միջազգային թռիչքների իրականացումը ռիսկային է, իսկ պետական որևէ ավիաընկերություն նման երթուղի չի սպասարկի»,– նշեց նա՝ հավելելով, որ ամբողջ բեռը կընկներ մասնավոր հատվածի վրա, ինչը ևս իրատեսական չէ։
Ճաղարյանի գնահատմամբ՝ Կապանի օդանավակայանից առավելագույնը հնարավոր է թռիչք իրականացնել դեպի Իրանի Ջուլֆա, իսկ դրանից հեռու ուղղություններն արդեն տեխնիկապես անհնար են։
«Ոչ որպես բիզնես նախագիծ, ոչ անվտանգության, ոչ էլ ծախսերի արդյունավետության տեսանկյունից ես որևէ նպատակահարմարություն չեմ տեսնում Կապանի օդանավակայանը միջազգային դարձնելու հարցում։ Դա ավելի շատ կարող է լինել գովազդային հայտարարություն, քան իրական ծրագիր»,– եզրափակեց նա։