ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News
Նարեկ Սամսոնյանը բժշկի ցուցումով դադարեցրել է հացադուլը։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Ավելի վաղ Մելիքյանը հայտնել է, որ Սամսոնյանին տեղափոխել են հիվանդանոց։
«Հացադուլի 14-րդ օրն է, արտաքինից շատ ավելի վատ էր, հյուծված։ Նա ասաց, որ բժշկի հետ խոսել է, որի ժամանակ բժիշկն ասել է իր հիվանդության և հացադուլի վրա ազդեցության բոլոր հետևանքները և ցուցել է անհապաղ հոսպիտալացնել։ Այս ամենը հաշվի առնելով՝ նա դադարեցրել է հացադուլը»,- ասել է Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Անտիֆեյքի» հիմնադիր, «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը արդեն 14-րդ օրն է հացադուլի մեջ է։ Փաստաբան Գոհար Մելոյանը ավելի վաղ հայտարարել էր, որ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը պետք է անմիջապես տեղափոխվի հիվանդանոց, քանի որ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելն օբյեկտիվ անհրաժեշտություն է՝ հաշվի առնելով Նարեկի պատշաճ բժշկական օգնություն ստանալու հիմնարար իրավունքը։
Նշենք, որ Սամսոնյանը ձերբակալվել է նոյեմբերի 13-ին՝ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Իսկ արդեն այս տարվա հունվարի 9-ին դատարանը 3 ամսով երկարացրեց նրա կալանքը, ինչից հետո էլ վերջինս հայտարարեց հացադուլի մասին։
–00—ՅՄ