ԶԼՄ-ն հայտնել է, թե ինչու է Հունանյանը հրաժարվել ԱԺ տական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ու որոշել չառաջադրվել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու և հաջորդ ընտրություններին չառաջադրվելու որոշումը պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման հետ, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը։

Ըստ թերթի՝ հրաժարականին նախորդել է Հունանյանի մասնակցությունը կուսակցության վարչության նիստին, որտեղ քննադատության է ենթարկվել իր հայտարարությունների համար։

Թերթի տեղեկություններով՝ հրաժարականի օրը պատգամավորը տևական ժամանակ փակվել է իր աշխատասենյակում, օրվա երկրորդ կեսին նրա ինքնազգացողությունը վատացել է, և շտապօգնություն է կանչվել։ Հունանյանը չի մասնակցել ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին։

Վերջնական որոշում, թե ով կփոխարինի նրան հանձնաժողովի նախագահին պաշտոնում, չկա, սակայն շրջանառվել է Լուսինե Բադալյանի անունը, հավելել է թերթը։

Հունանյանի նկատմամբ քննարկումներն սկսվել էին, երբ հանձնաժողովի նախագահի ընտրությունների ժամանակ նա իր բարձրագույն կրթություն չունենալու մասին հայտարարել էր, թե պարտադիր չէ ունենալ բարձրագույն կրթություն՝ նման պաշտոն զբաղեցնելու համար։ 2025 թվականի սեպտեմբերի 5-ին ՔՊ-ն նրան ընտրել էր այդ պաշտոնում։

Դեկտեմբերի 2-ին Հունանյանն իր ելույթում նշել էր, որ բարձր աշխատավարձ ստացողները պետք է հոգ տանեն ցածր աշխատավարձ ստացողների մասին։ Ավելի ուշ նա հարցազրույցներից մեկում նշել էր, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ինքն է Բաքվին հանձնվել, չնայած ՀՀ վարչապետն ուղղաթիռ էր ուղարկել նրանց տեղափոխելու համար։ Հունվարի 20-ին Հունանյանը հայտարարել էր, որ բոլորը չէ, որ պետք է ծառայեն, «մեր պետությանը գլուխներ են պետք»։ 

Leave a Comment