Մարդ կա՞, որ հաղորդում տա ընդդիմադիրներին վիրավորողի դեմ

Ատելությունը դուրս չի գալիս քաղաքական խոսույթից։ Հակառակը, կանխատեսվում է, որ առաջիկա ընտրարշավի ընթացքում այն սրվելու է։

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի համակիրներից մեկը հետապնդել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին, նկարահանել նրան և նրա հասցեին հնչեցրել վիրավորական արտահայտություններ։ Դրանով չսահմանափակվելով՝ նա իր էջում տեղադրել է տեսանյութն ու ասել, թե «բոլոր ընդդիմադիր գործիչների տեղը Սովետաշենի աղբանոցն է»։ Oragir.News-ի հետ զրույցում Լիլիթ Գալստյանը հաստատել է, որ իրեն հետապնդել են, սպառնալիքներ հնչեցրել։ Նա համոզմունք է հայտնել, որ խոսքը ընդդիմադիր գործիչների նկատմամբ թիրախավորված և համակարգված վարքագծի մասին է։

Սա լուրջ ահազանգ է։ Որտեղի՞ց է այս ատելությունը ընդդիմադիր գործիչների հանդեպ, ինչո՞ւ իրավապահը չի արձագանքում այս դեպքին։

Ընդդիմադիր գործչի նկատմամբ ատելությունը բնորոշ է բռնապետություններին, ավտորիտար համակարգերին։ Օրինակ՝ խորհրդային բռնազավթման տարիներին ընդդիմություն չկար, բոլոր որոշումներն ընդունվում էին միաձայն։ Իշխանությանը հակառակ դիրքորոշումը, կարծիքը, առավել ևս՝ քննադատական խոսքը խստորեն պատժվում էր։ Իսկ ընդդիմադիր խոսքի հեղինակները հասարակական պարսավանքի էին ենթարկվում, մոտավորապես այնպես, ինչպես վերը բերված դեպքում։

Սա հաշվի առնելով, կարելի է կարծիք հայտնել, որ ընդդիմադիր գործչի նկատմամբ ատելությունը խորհրդային անցյալի իներցիան է։ Եվ եթե ընդդիմադիր ուժերի հանդեպ թիրախավորված և համակարգված ատելությունը խորանա ու ծավալվի, ապա Հայաստանը ցտեսություն կասի ժողովրդավարությանն ու կդառնա ավտորիտար երկիր։ Այդպիսի ենթադրյալ տրանսֆորմացիան ունի ներքին ու արտաքին շահառուներ։ Ներքին շահառուները ապապետական և հակաժողովրդավարական ուժերն են, որոնք ատելության խոսքի հիմնական գեներատորներն են։ Իսկ արտաքին շահառուն, ենթադրաբար, ներկայիս ավտորիտար, հակաժողովրդավարական Ռուսաստանն է, որն իր հանրային խոսափողների միջոցով վերջին շրջանում պարբերաբար ակնարկում է Հայաստանի հանդեպ թշնամական նկրտումների մասին, հնչում են ռազմական ներխուժման, անկախությունից զրկելու, ռուս-բելառուս նորացված միության մեջ միավորելու մասին ագրեսիվ ակնարկներ ու հայտարարություններ։ Հետևապես՝ չի բացառվում, որ ընդդիմության հանդեպ ատելությունն ուղղորդվում է հենց Մոսկվայից։ Սա էլ հիմք է ասելու, որ ընդդիմադիր ուժերի նկատմամբ ատելության խոսք ասողը, ռուսամետ, ապապետական, հակաժողովրդավարական գործիչ է, հիբրիդային սպառնալիք։

Այստեղ զարմանալի է իրավապահի լռությունը։ Երբ հանրային անհարգալից վերաբերմունք է դրսևորվում ՔՊ-ական գործչի հանդեպ, ապա իրավապահն անմիջապես արձագանքում է և խիստ պատժի ենթարկում։ Հիմնական փաստարկն այն է, որ չի կարելի է իշխանության նկատմամբ անհարգալից վարվել։ Հարկ է նկատել, որ ընդդիմադիր պատգամավորը նունպես իշխանության ներկայացուցիչ է, ուստի՝ նրա պարագայում իրավապահի արձագանքը նույնպիսին պիտի լինի, ինչպիսին, օրինակ՝ Ալեն Սիմոնյանի, որովհետև երկուսն էլ ՀՀ ԱԺ պատգամավոր են։ Իսկ եթե պատգամավոր Լիլիթ Գալստյանին վիրավորողին անպատիժ են թողնում, ապա պատգամավոր Ալեն Սիմոնյանին վիրավորողին ևս պետք է չպատժեն։ Երկակի ստանդարտները կործանարար են իրավական պետության համար։

Լավատեսորեն կարելի է ասել, որ ատելությունը քաղաքական խոսույթից դուրս բերել հնարավոր է պետության ղեկավարի առաջնորդությամբ։ Տվյալ պարագայում Փաշինյանը պետք է հրաժարվի ատելությունից, վիրավորական խոսքից, հայհոյախոսությունից և խստորեն սաստի թիմակիցներին ու աջակիցներին, որոնք անպարկեշտ վարք են դրսևորել հանրային գործիչների, ժողովրդի, լրագրողների, քաղաքացիների, քաղաքական մրցակիցների նկատմամբ։ Եթե այսպես վարվի, ապա կապացուցի, որ իրապես քաղաքական գործիչ է, ժողովրդավարության նորմերի, սկզբունքների պաշտպան, ժողովրդավարությունն իրոք քաղաքակրթական ընտրություն է դարձել ՀՀ-ում։ Իսկ եթե նա շարունակի ատելության սերմեր շաղ տալ, աջակիցներին լարել քաղաքական մրցակիցների դեմ, ապա կարելի է ասել, որ Հայաստանն առաջիկայում քաղաքակրթական առաջընթաց չի ունենա։

Ի վերջո՝ զարմանալի է քաղաքական համայնքի լռությունը։ Խորհրդարանում ու դրանից դուրս բազմաթիվ քաղաքական ուժեր ու գործիչներ իրենց ընդդիմադիր են ներկայացնում։ Վերը բերված դեպքում վիրավորական խոսքն ուղղված է բոլորին՝ ՔՊ-ից բացի։ Քաղաքական համայնքում մարդ կա՞, որ հաղորդում տա այս վիրավորական խոսքի հեղինակի դեմ։

Թաթուլ Մկրտչյան

Leave a Comment