Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է բանակցություններ վարեն Գրենլանդիան ձեռք բերելու շուրջ։ Նա պնդել է, որ ոչ մի այլ պետություն ի վիճակի չէ ապահովել կղզու անվտանգությունը՝ վկայակոչելով պատմական օրինակներ, ինչպիսին էր Երկրորդ համաշխարհային պատերազմը, երբ Դանիան արագորեն պարտվեց և չկարողացավ պաշտպանել այն։ Ըստ նրա՝ Գրենլանդիայի ձեռքբերումը չի սպառնա ՆԱՏՕ-ին և կարող է ամրապնդել դաշինքը։
Թրամփն անդրադարձել է նաև գլոբալ հակամարտություններին՝ պնդելով, որ ինքն ավարտել է ութ պատերազմ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, և այժմ կենտրոնացած է ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման վրա։ Նա նշել է, որ համաձայնության հասնելու նպատակով բանակցում է ինչպես Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Վլադիմիր Զելենսկու հետ։ Թրամփը հավելել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է ուժ կիրառել, սակայն նախընտրում է խուսափել դրանից՝ մատնանշելով հակամարտությունների լուծման զգուշավոր մոտեցումը։
«Զելենսկին և Պուտինն այժմ այն փուլում են, երբ կարող են համաձայնության գալ։ Եթե դա չանեն, ուրեմն հիմար են»,- ասել է նա։
