Դադարեցնում եմ լիազորություններս ԱՍՀ նախարարի տեղակալի պաշտոնում. Դավիթ Խաչատրյան


Դադարեցնում եմ լիազորություններս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Խաչատրյանը:


 


«Շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության, քաղաքական աջակցության և բարեփոխումների օրակարգը առաջ տանելու հետևողականության համար։


 


Շնորհակալ եմ հարգարժան փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին և Տիգրան Խաչատրյանին՝ ոլորտային պրոֆեսիոնալ համակարգման, գործընկերային ու մարդկային վերաբերմունքի համար։


Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանին, ում ոլորտային առաջնորդությամբ աշխատել ենք թիմային փոխվստահության մթնոլորտում և ում հետ միասին հաղթահարել ենք հետճգնաժամային իրավիճակները, հեղինակել և ներդրել ենք համակարգային նշանակության մի շարք նախագծեր.


– Կենսաթոշակների հետվճարի ծրագիրը,


– Սահմանամերձ գյուղերում բնակարանաշինության ծրագիրը,


– Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության 2 ծրագրերը, որոնց շնորհիվ տեղահանված շուրջ 5,500 ընտանիք ունեցան իրենց տունը,


– Ժողովրդագրության ռազմավարությունը և դրանից բխող մի շարք ծրագրեր,


– Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը,


– Կենսաթոշակների և նպաստների անկանխիկի սահուն անցման բարեփոխումները,


– Անաշխատունակության և մայրության նպաստների ռեֆորմը, որով թվայնացվեցին բոլոր գործընթացները,


– Կենսաթոշակային ռոֆորմի նախագիծը,


– Սոցիալական պաշտպանության ոլորտի թվային տասնյակ համակարգերի գործարկումը՝ ի շնորհիվ «Նորք» տեխնոլոգիական կենտրոնի պրոֆեսիոնալ թիմի։


Հպարտ եմ այն թիմով, որի հետ աշխատել եմ։ Մասնագիտական, նվիրված և արժանապատիվ մարդիկ, ովքեր ամեն օր փորձել են պետական համակարգում թողնել իրական արժեք:


 


Պետական ծառայությունը ինձ համար եղել է առաքելություն։ Եվ այս փուլը համարում եմ հերթական անցում դեպի նոր ձևաչափերով օգտակար լինելու հնարավորություն։


 


Շնորհակալ եմ նախարարության բոլոր գործընկերներիս, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, Կենտրոնական բանկի, ինչպես նաև միջազգային և մասնավոր կառույցների գործընկերներին՝ պետության ուժեղացման գործում արդյունավետ համագործակցության համար, և սիրելի քաղաքացիներին՝ վստահության, աջակցության և համբերության համար»,- ասվում է հաղորդագրությունում։


 

Leave a Comment