Ենթադրում եմ` Հունանյանն ինչ-որ մեկի կապրիզի կամ հաճույքի համար էր այնտեղ հայտնվել, և հիմա այդ կապրիզն ու հաճույքը չկան, որոշել են դեն նետել. իրավապաշտպան

Սա իրենց ղեկավարի ձեռագիրն է. ուղղակի ինքը սիրում է մարդկանց օգտագործել և մի կողմ շպրտել՝ առավել ևս իր թիմակիցներին։ Նմանատիպ բազմաթիվ օրինակներ մենք ունեցել ենք, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի՝ ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու և ՔՊ համամասնական ցուցակում ընդգրկվելուց ինքնաբացարկ հայտնելու որոշմանը։

«Իմ կարծիքով՝ ուղղակի օգտագործել են և մի կողմ են շպրտել։ Տեսեք, որևէ մեկը կա՞րող է բացատրել՝ ինչ տրամաբանությամբ Ներքին գործերի նախարարությունում Ոստիկանության և ԱԻՆ-ի պետերի փոփոխություն տեղի ունեցավ։ Եթե, օրինակ, Արամ Ղազարյանը լավ չէր աշխատում, իրեն ուղղակի պետք է ազատեին, ոչ թե հանեին, տանեին մյուս տեղը (հիշեցնենք՝ Արամ Ղազարյանն ազատվել էր ոստիկանության պետի պաշտոնից և նշանակվել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, իսկ ոստիկանապետի պաշտոնում նշանակվել էր Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Կամո Ցուցուլյանը)։

Սա հիբրիդային պատերազմ իրականացնողների ձեռագիր է, որոնք, սովորաբար, նմանատիպ պաշտոնանկություններով փորձում են և՛ համակարգը վարկաբեկել-թուլացնել, և՛ անձնանց հնարավորություն չտալ աշխատելու։ Իրենց մոտ սովորաբար այդ տարբերակն է գնում. իրենք կա՛մ անձին հեռացնում են, որ համակարգը չկայանա, և անձը չհասցնի համակարգն աշխատեցնել, կա՛մ ուղղակի այդ մարդուն օգտոգործում են և հետո դեն նետում։

Այդ տիկնոջ մասով ենթադրում եմ, որ ինչ-որ մեկի կապրիզի կամ հաճույքի համար էր այնտեղ հայտնվել, և հիմա այդ կապրիզն ու հաճույքը չկան, ուղղակի որոշեցին դեն նետել։ Սա շատ սովորական, ՔՊ-ին հարիր ձեռագիր է»,- ասաց Կարապետ Պողոսյանը՝ հավելելով, որ իշխանական շրջանակներում նմանօրինակ զարգացումների կարող ենք ականատես լինել հընթացս։

Ըստ իրավապաշտպանի՝ ՀՀ գործող իշխանությունները պետության նկատմամբ հոգածություն չունեն. նրանց համար պետությունն ընդամենն ընդհանուր կաթսա է, որը կարելի է քամել։

«Ինչպես նախկինում դասականն էր ասում՝ լափաման. այսինքն՝ իրենց համար պետությունը սովորական լափաման է, և իրենք բացարձակ շահագրգռվածություն չունեն պետության կայացման համար։ Ընդհակառակը՝ այդքան հանցագործություններ իրականացրած անձին, հայրենիք, եկեղեցի ոչնչացնող անձին պետք է, որ պետություն չլինի, որպեսզի վաղը-մյուս օրն իրեն դատող չլինի։ Այդ անպատասխանատվությամբ էլ ինքը շարժվում է առաջ, և այստեղ ինչ-որ լուրջ քաղաքական ենթատեքստեր փնտրել, կարծում եմ, չարժե»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Leave a Comment