Ես հավանում եմ քրդերին և փորձում եմ պաշտպանել նրանց. Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ իրեն դուր են գալիս քրդերը՝ հավելելով, որ իր վարչակազմը փորձում է պաշտպանել այդ էթնիկ խմբին, հայտնում է Rudaw-ը:


Հայտարարությունն արվել է քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈՒ) դեմ սիրիական բանակի շարունակական հարձակումների ֆոնին՝ չնայած երեքշաբթի ուշ երեկոյան Դամասկոսը հայտարարել էր քառօրյա հրադադարի մասին: Սիրիայի քրդական ուժերի հսկողության տակ գտնվող հյուսիսարևելյան շրջանի, Թուրքիայի և եվրոպական մի շարք երկրների քրդերը ցույցեր են կազմակերպել՝ իրենց զայրույթը հայտնելով ԱՄՆ իշխանություններին, որոնք չեն պաշտպանել քրդերին, չնայած «Իսլամական պետության» դեմ պայքարում տասնամյա գործընկերությանը:


Սիրիայի կառավարությունը երեքշաբթի հայտարարել է, որ քրդական մեծամասնությամբ Հասակե նահանգի ապագային վերաբերող մի քանի հարցերի շուրջ «փոխադարձ համաձայնության» է հասել ՍԴՈՒ-ի հետ։


Սիրիայի հարցով Թրամփի դեսպանորդը նշել է, որ «Ասադի հրաժարականից հետո Սիրիայում քրդերի համար ամենամեծ հնարավորությունը հիմա է՝ նախագահ Ահմեդ ալ Շարաայի գլխավորած նոր կառավարության օրոք», նկատի ունենալով երկրի ժամանակավոր նախագահին։

Leave a Comment