Սպասում ենք պարտքի սպասարկման ծախսերի՝ պլանավորվածից ավելի ցածր մակարդակ․ Ֆինանսների նախարարի ամփոփիչ ասուլիսը

Լավ նորությունն այն է, որ սպասում ենք պարտքի սպասարկման ծախսերի՝ պլանավորվածից ավելի ցածր մակարդակ, այսինքն՝ այն, ինչ գրել ենք 2026 թվականի բյուջեով որպես պարտքի սպասարկման գումար, ամենայն հավանականությամբ կունենանք դրանից ավելի ցածր մակարդակ:

Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը. «Սա պայմանավորված է նրանով, որ մենք տեսնում ենք շուկայի դրական զարգացումներ ոչ միայն միջազգային շուկաներում, այլև Հայաստանում: Օրինակ՝ եթե մենք 2024 թվականին 10 տարի տևողությամբ գանձապետական պարտատոմսերը թողարկում էինք 9,6 տոկոս տոկոսադրույքով, ապա մեծ ուրախությամբ արձանագրում եմ, որ 2026 թվականին տեղի ունեցած առաջին աճուրդից այդ նույն տոկոսադրույքը եղել է 8,09:

Սա շատ դրական փոփոխություն է, որը, իհարկե, մի կողմից պայմանավորված է ՀՀ բանկային համակարգում դրամային լիկվիդայնության մեծացմամբ, բայց մյուս կողմից նաև պայմանավորված է նրանով, որ Հայաստանով շարունակում են հետաքրքրվել միջազգային ինստիտուցիոնալ ներդրողները, և իրենք մասնակցում են մեր տեղական աճուրդներին՝ դրանով իրենց դրական ազդեցությունն ունենալով մեր տոկոսադրույքների վրա:

Սա այն քաղաքականությունն է, որի մասին տարիներ շարունակ խոսել եմ, որ պետք է ջանքեր գործադրենք Հայաստան օտարերկրյա ներդրողներ ներգրավելու ուղղությամբ, և սա, ըստ էության, այս պահի դրությամբ տեղի է ունենում: Այդ պահի դրությամբ մեր պարտատոմսերի մեջ նրանց մասնաբաժինը 7 տոկոսից ավելին է, եթե նախկինում դա 1 տոկոսից նույնիսկ ցածր էր»:

«Հայաստանի Հանրապետության զարգացումը շատ կայուն եւ հաստատուն է, մեր բոլոր ֆինանսական ցուցանիշներն այդ կայունության տիրույթում են: Մենք ավելի քան երբեւէ վստահ ենք, որ մեր քայլերը տանում են դեպի ավելի մեծ զարգացումների, եւ մեր կարողությունները, գիտելիքները եւ մեր ունակությունները պետք է այսօր համապատասխանեցնենք այն ապագա զարգացումներին, որոնք տեսնում ենք, որոնք արդեն տեղի են ունենում եւ տեղի են ունենալու ապագայում»,- նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Լրագրողի հարցին՝ սուբվենցիոն ծրագրերն արդյոք ազատվո՞ւմ են եկամտահարկից, եթե պետության մասնակցությամբ են արվում, նախարարն այսպես պատասխանեց. «Ես չգիտեմ որեւէ մեկին, որն ազատվում է եկամտային հարկից: Գիտեմ, որ որոշակի ծրագրեր ունենք ՏՏ ոլորտում, որտեղ եկամտային հարկի մի մասը փոխհատուցում ենք: Մեր հարկային քաղաքականության գործիքներից մեկն է, հետազոտական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին որոշակի հնարավորություն ենք տվել ավելի մեղմ հարկային ռեժիմում գործել կամ հետվերադարձի պայմաններում այս աշխատանքներն իրականացնել: Այնտեղ կան նաեւ որոշակի արտոնություններ եկամտահարկի հետ կապված: Եթե չեմ սխալվում 10 տոկոս է եկամտահարկն այն մարդկանց համար, որոնք զբաղվում են գիտահետազոտական աշխատանքներով»:

Նրա ձեւակերպմամբ, նախկինում նման բան չի եղել: Դառնալով 2026թ հիմնական ծրագրերին, Վահե Հովհաննիսյանն ասաց, որ բազմաթիվ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր կան, որոնք կամ շարունակվելու են, կամ մեկնարկելու են. «Օրինակ, Հյուսիս-Հարավի կտորի աշխատանքներն ենք իրականացնում, Քաջարան-Ագարակ հատվածում է ակտիվ շինարարություն եղել 2025թ եւ դա կշարունակվի 2026-ին, մեկնարկելու են Սիսիան-Քաջարան հատվածի աշխատանքները, այնտեղ հողի օտարումների հետ կապված աշխատանքներն են մեկնարկելու: Հույս ունեմ, որ նաեւ որոշակի շինարարական նախապատրաստական աշխատանքներ կլինեն»:

Հավելեց նաեւ, որ մի քանի միջազգային կարեւոր միջոցառում են ծրագրում իրականացնել այս տարի. «Դրանից մեկը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) անցկացումն է Երեւան քաղաքում, սպասում ենք 20000-ից ավել մասնակիցներ, ինչն աննախադեպ ծավալ է մեր պետության համար»:

Leave a Comment