ՔՊ-ն իրավական գործընթաց կսկսի Հայկ Սարգսյանի նկատմամբ՝ «անասունների գործով»․ ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագիր»-ում որոշում կա իրավական գործընթաց սկսել պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ ՔՊ նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի գործով, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ըստ թերթի՝ ոչխարների վերաբերյալ կաշառքի հայտնի գործով դատական վերջին նիստի ժամանակ մեղադրող դատախազը հնչեցրել է Սարգսյանի անունը։ Դատարանում ներկայացվել է հեռախոսային խոսակցությունների վերծանություն, որտեղ ոչ այնքան Աղազարյանի անունն է հիշատակվել, որքան Սարգսյանի։

Գործով  անցնողՍլավիկ Կարապետյանն իր աներոջ՝ Աշոտիկ Կամավոսյանի հետ հեռախոսազրույցում ասել է՝ Սլավիկ Պողոսյանի հետ գնացեք, Սևանում Աղազարյանի հետ հանդիպեք, ապա հավելել է, որ Սարգսյանն էլ է այնտեղ լինելու, նախկինում ոչխարների թեմայով ինքն է զբաղվել։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մարտի 12-ին դիմել էր Հայաստանի խորհրդարան՝ նախկին ՔՊ-ական պատգամավոր Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով։ ԱԺ-ն հավանություն էր տվել և անձեռնմխելիությունից զրկել նրան: Մարտի 28-ին Քրեական դատարանների մամուլի խոսնակ Լիանա Ռաֆայելյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը։ Աղազարյանին առնչվող կաշառքի վարույթով Աշոտ Կամավոսյանի և Սլավիկ Պողոսյանի գործերն անջատվել և ուղարկվել էին Հակակոռուպցիոն դատարան։

Leave a Comment