
Դուք պատրա՞ստ եք, որ Փաշինյանը որոշի, թե դուք այսօր ինչ ուտեք կամ ուր գնաք, վստահ եմ, որ ոչ, բայց ինքն արդեն փորձում է մեզ թելադրել, ինչ խոսենք, ինչին հավատանք ու ում հերոսացնենք: ՀՀ-ում այս պահին կան 50-ից ավել քաղբանտարկյալներ, մարդիկ, ովքեր ազատությունից զրկված են, որովհետև Փաշինյանին դուր չի գալիս, թե նրանք ինչ են խոսում, ինչպես են մտածում ու ինչին են հավատում: Այս մասին Ազգային ժողովի նիստում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Բոլոր քաղբանտարկյալները պայքարում են մեզանից յուրաքանչյուրի խոսքի ազատության համար: Իրենք այդ պայքարից ավելի ուժեղ են դուրս գալու: Նրանցից մեկը՝ Նարեկ Սամսոնյանը, դիմել է այդ պայքարի ամենածանր միջոցներից մեկին, արդեն 12 օր հացադուլի մեջ է, նա պայքարում է ոչ միայն իր ազատության, այլ նաև առողջության հաշվին: Նարեկի և մեր մյուս ընկերների պայքարին անտարբերությամբ պատասխանելը առնվազն անշնորհակալ կլինի»,- նշել է նա:
Եզրափակելով իր խոսքը՝ Մամիջանյանը մաղթել է ազատություն բոլոր քաղբանտարկյալներին՝ նշելով, որ մեր հասարակությունը չպետք է հանդուրժի այս իրավիճակը. «Ինձ գլխարկներ չեն սազում, և ես չեմ պատրաստվում հարվածային գործիքների վրա նվագել սովորել: Կապ չունի, թե քաղբանտարկյալը որ քաղաքական ուժին է սատարում, մենք չենք կարող լինել այն հասարակությունը, որը կհանդուրժի դատարանում մահացած Արմեն Գրիգորյանին, Նարեկ Սամսոնյանին և անազատության մեջ գտնվող բարերարին: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»: