Հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանը ֆիզիկապես բավականին հյուծված է․ փաստաբան

12 օր հացադուլի մեջ գտնվող «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանն ուժեղ է մտքով, հոգով և վճռական իր գործողություններում, բայց ֆիզիկապես բավականին հյուծված է, հայտնել է փաստաբան Աստղիկ Մաթևոսյանը։ Նա տեսակցել է պաշտպանյալի հետ և նշել, որ նրա առողջական վիճակը վատթարանում է հացադուլի հետևանքով։

Մաթևոսյանը հիշեցրել է, որ Սամսոնյանի մոտ առկա են լուրջ առողջական խնդիրներ և հունվարի 15-ին «Արմավիր» ՔԿՀ այց կատարած բժիշկը շտապ վիրահատական միջամտություն է ցուցել։

Նրա խոսքով՝ օրգանիզմի հյուծման գործընթացն արագանում է շտապ վիրահատական միջամտության անրաժեշտությամբ պայմանավորված։ «Այս պահի դրությամբ դեռ լուծված չէ Սամսոնյանին անհապաղ բուժհաստատություն տեղափոխելու հարցը։ Մեծ հույս ունեմ, որ օր առաջ այդ հարցը լուծում կստանա»,- հավելել է Մաթևոսյանը։

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել էին երկու ամսով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա՝ փոդքասթի թողարկման ընթացքում հնչեցրած արտահայտությունների պատճառով։ Դատարանը հունվարի 9-ին բավարարել էր նրանց կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգելու միջնորդությունը: Սամսոնյանն այդ նիստին հայտնել էր հացադուլ սկսելու մասին:

Leave a Comment