Ոչնչացնել, փլել, ամայացնել ամեն ինչ․ իշխանության ներքին վախերի հետևանքը․ Տիգրան Աբրահամյան

«Ի՞նչ պատահեց, որ քաղաքացիներին կեղծ ժպիտով սիրող ու նրանցով հպարտացող իշխանությունը սկսեց խմբագրել իր խոստումները՝ սեփական վերաբերմունքն արտահայտելով ընտրովի»,-  ԱԺ հայտարարությունների ժամին  իր ելույթը հարցադրումով սկսեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ նրա՝ այն քաղաքացիները, որոնք մասնակցում են իշխանության խրախճանքին, շրջիկ կառնավալներին և ամեն գնով պաշտպանում փաշինյանական իշխանությունը՝ նրանց սրտիկներ և հաճոյախոսություն է բաշխվում, իսկ ովքեր չեն կիսում իշխանության և նրանց կուսակցական վոժդի լավատեսությունն ու տեսակետները, քաղաքական հետապնդման են ենթարկվում, խղճի բանտարկյալի վերածվում, բանտերում հայտնվում և անդադար դատարանային հրմշտոցների մեջ ընկնում:

«Մեկը հանդգնել է քաղաքականությամբ զբաղվել, մեկը՝ մեղավոր է, որ հեղինակություն ունի, մյուսը իշխանութանը ոչ հաճո տեսանյութեր է հրապարակում, մեկը մերժել է դավաճանությունն ու ուրացումը, մյուսը՝ պարզապես չի տեղավորվում իշխանության ընտրական հաշվարկներում: Այս իշխանության համար, ի սկզբանե եղել է առանցքային սկզբունք՝ կառավարումն իրականացնել հանրային ատելության և թշնամության հիմքով՝ արհեստական ճգնաժամեր հրահրելու ու դրանք «հերոսաբար» լուծելու հաշվարկով»,- ասաց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ այս ռեժիմին հատուկ է մարդկանց տարանջատումների և ներհասարակական կոնֆլիկտի վրա խաղալով՝ ջարդել ներհասարակական համերաշխությունն ու երկրի դիմակայունությունը, լուծել սեփական ներքաղաքական խնդիրները, իսկ արտաքին անվտանգության հարցը թողնել հովանավորների խղճին. «Իշխանությունը ներքին վախերի, կուտակված բարդույթների և արժեզուրկ պատկերացումների պայմաններում, իրավիճակից դուրս գալու մեկ ճանապարհ է ընտրել՝ ոչնչացնել, փլել, ամայացնել ամեն ինչ՝ կլինի մարդ, գաղափար, թե ինստիտուտ, որոնք ապահովում են երկրի բնականոն ընթացքը, զարգացումն ու հարատևությունը՝ Մայր Աթոռի դեմ քայքայիչ հարձակումը վկա:

Տիգրան Աբրահամյանը նշեց, որ այս 8 տարիների ընթացքում մեծաթիվ մարդիկ քաղաքական հետապնդումների են ենթարկվել, շատերի նկատմամբ կալանքը որպես պատժի ձև է ընտրվել, ոմանք տարիներով ճաղերի հետևում են հայտնվել:

«Այս պահին, օրինակ՝ առողջական ծանր խնդիրներով հացադուլի մեջ է մեդիաներկայացուցիչ Նարեկ Սամսոնյանը, ում իրավունքները խախտվել են բոլոր առումներով՝ խուզարկություններից, կալանավորումից մինչև քաղաքական հետապնդման բոլոր պարամետրեր: Կամք, համբերություն և ամուր նյարդեր բոլոր այն անձանց, ովքեր պայքարում են սեփական իրավունքների վերականգնման համար: Սատարումս բոլոր քաղբանտարկյալներին, ովքեր իշխող ռեժիմի ծանր ճնշումների և հարձակումների պայմաններում պաշտպանում են սեփական տեսակետն ու սկզբունքները: Շուտափույթ ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,- իր ելությում նշեց Տիգրան Աբրահամյանը։ 

Leave a Comment