ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Զայեդ» մարդկային եղբայրության համար մրցանակը, որը կիսում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, արդարացված և համատեղ նվաճում է, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Մրցանակի հանձնման կոմիտեի անդամների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետին է հանձնվել փետրվարի 4-ին Աբու Դաբիում կայանալիք պարգևատրման արարողության հրավերը:
Շեյխ Զայեդի անվան հիմնադրամը հունվարի 19-ին հայտարարել էր Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին խաղաղության համաձայնագրի համար 2026 թվականի «Զայեդի» մրցանակով պարգևատրելու մասին։
Մրցանակը, հիմնադրամի գնահատմամբ, արտացոլում է Հարավային Կովկասում լարվածության նվազեցման ու վստահության ամրապնդման ուղղությամբ կողմերի հավաքական ջանքերը: 2026 թվականի մրցանակակիրներն ընտրվել են միջազգային ժյուրիի կողմից, որի կազմում ընդգրկված են Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելը, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ Մուսա Ֆակի Մահամաթը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը, ինչպես նաև այլ քաղաքական գործիչներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
2019 թվականին հիմնադրված «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը կրում է ԱՄԷ-ի հիմնադիր Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի անունը և շնորհվում է անհատներին և կազմակերպություններին խաղաղ համակեցության և մարդկային եղբայրության գործում ունեցած ներդրման համար: Մրցանակի հիմնադրումից ի վեր դափնեկիրներ են դարձել 15 երկրների 16 ներկայացուցիչներ:
