Ի դեպ, հարցին, թե ճի՞շտ է, արդյոք, որ որոշ դիրքերում ադրբեջանցիները հայ զինվորների պայուսակներն են ստուգում, անգամ ասում, թե՝ ինչ կարող են տանել իրենց հետ հայերը, ինչ չեն կարող, մամուլի ասուլիսում Սուրեն Պապիկյանը նախ ասաց․ «Այո, կա իրականություն, որը հետևյալն է․ մեր զինվորները անցնում են ադրբեջանական դիրքի կողքով, այսպես կոչված բլոկ պոստով»։
Պապիկյանը, սակայն, հերքեց ադրբեջանցիների կողմից հայ զինվորների պայուսակների զննումը․ «Հա հերքում եմ, ասում եմ չեն ստուգում քանի անգամ ասեմ հերքում եմ հերքում եմ հարիցս հերքում եմ»։
Ասում է՝ մեր ընտրանքը հետևյալն է, կա՛մ պետք է այդ դիրքը թողնենք, կա՛մ պիտի անցնենք ադրբեջանական դիրքի կողքով։
Երևի հենց այս տրամաբանությամբ է հանձնվել Շուռնուխ գյուղի կեսը։ Այո, ըստ պաշտպանության նախարարի՝ այսօր «փաստացի և ըստ էության» խաղաղություն է, բայց Շուռնուխի բնակիչը, օրինակ, չի կարողանում այդ հիմնավորումով բացատրել իր երեխային, թե ինչու են նրանք տուն տանող ճանապարհին կանգնում՝ սպասում մինչև ադրբեջանցիներն անցնեն։
Ստացվում է՝ ըստ ՔՊ-ականի, սա «պրոբլեմ չէ», այլ ընդամենը խաղաղության այն յուրահատուկ տեսակը, որը հասկանում են միայն իրենք, բայց միևնույն է՝ վերջում հենց այդ «խաղաղությունը» բերողներն են ասում․ «Ես չեմ դրա հեղինակը որպես պաշտպանության նախարար ես չեմ դրա միակ շահառու»։