Մասյացոտնի թեմ․ Քահանաներին փորձել են ճնշումներով ուղղորդել՝ միանալու թեմի նախկին առաջնորդին

Մասյացոտնի թեմ․ Քահանաներին փորձել են ճնշումներով ուղղորդել՝ միանալու թեմի նախկին առաջնորդին

20 հունվարի 2026 – 16:05 AMT

PanARMENIAN.NetՄասյացոտնի թեմը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, այդ թվում՝ համայնքապետարանների աշխատակիցներ, ինչպես նաև քահանաների շրջապատին մոտ և ազդեցիկ համարվող անհատներ։

«Վերջիններս փորձել են տարբեր եղանակներով՝ բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպես նաև սպառնալիքների կամ ճնշման միջոցով, ուղղորդել քահանաներին՝ միանալու թեմի նախկին առաջնորդին և ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը։

Արձանագրվել են նաև դեպքեր, երբ որոշ անձինք, մասնավորապես համայնքապետարանի աշխատակիցներ, վկայակոչելով դատարանի որոշում, պնդել են, թե իբր քահանաները պարտավոր են ազատել իրենց եկեղեցիները՝ ներկայացնելով պահանջը որպես Գևորգ եպիսկոպոսի որոշում։

Տեղեկացնում ենք, որ հիշյալ հորդորներին, առաջարկներին կամ ճնշումներին քահանա հայրերը չեն ենթարկվել։ Նրանք հստակ դիրքորոշում են հայտնել, որ իրենց ծառայությունը պայմանավորված է բացառապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կանոնադրությամբ, կարգ ու կանոնով, և իրենք կոչված են անշեղորեն պահպանելու Եկեղեցու սահմանված կարգը՝ անկախ արտաքին ազդեցություններից։

Սպառնալից խոսույթով պահանջները հիմնականում արվել են Արարատի և Վեդու տարածաշրջանների քահանաներին ուղղված։

Ներկայացնում ենք մի վկայություն. «Քիչ առաջ գյուղապետի մոտից եկա, սրբազանի խոսքը ինձ փոխանցեց, ասում է, որ եթե երկու օրվա ընթացքում չներկայանամ սրբազանին, ինձ գործից կհեռացնի»,-ասվում է հայտարարության մեջ:

Մասյացոտնի թեմի քահանա Տեր Հովսեփին առաջարկել են միանալ թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, նա մերժել է, հայտնում է Panorama.am-ը:

«Ինձ առաջարկություն է եղել, խոսել ենք, ես մերժել եմ առաջարկությունն ու հանդիպումն այդքանով ավարտվել է»,-ասել է Տեր Հովսեփը, ով հոգևոր ծառայություն է իրականացնում Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Նա նշել է, որ իրեն հանդիպել է համայնքապետարանի աշխատակիցը։

Տեր Հովսեփի փոխանցմամբ, լսել է՝ մյուս քահանաներին նույնպես եղել են նման առաջարկներ։

«Եկեղեցու կարգը մեզ համար օրենք է՝ և բարոյական, և եկեղեցու կողմից հաստատված։ Մենք պարտավոր ենք հետևել եկեղեցու կարգ ու կանոնին»,- ասել է Տեր Հովսեփը։

Հունվարի 10-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Leave a Comment