«ԵՄ-ն հիմա էլ «փաղաքշում» է Հայաստանին՝ փորձելով վնասել ԵԱՏՄ-ին». Լավրով

ԵՄ-ն ամեն կերպ փորձում է վնասել ԵԱՏՄ-ին, դա վերաբերում
է նաև Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի
արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2025 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։

«ԵՄ-ն ամեն կերպ փորձում է վնասել ԵԱՏՄ-ին, այդ թվում՝
բոլորին հայտարարելով, որ Եվրամիությանը անդամակցությունը պետք է լինի առաջնահերթություն
բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նորմալ զարգանալ, ովքեր մտածում են իրենց ժողովրդի
մասին։ Հիմա, ինչպես գիտեք, Հայաստանին են «փաղաքշում»»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ բազմիցս քննարկվել է ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին
անդամակցության անհամատեղելիության հարցը իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի և վարչապետ
Նիկոլ Փաշինյանի հետ։

«Այս հայտարարությունները մեզ թյուրիմացության մեջ
են գցում։ ԵՄ-ի հետ մերձեցումը առանց հետքի չի անցնում։ Հենց ԵՄ-ն է անընդհատ խոսում
«Ռուսաստանի կողմից եկող հիբրիդային սպառնալիքների» մասին։ ԵՄ-ն միջոցներ է տրամադրում
դրա համար՝ վերջերս եղել է 15 միլիոն եվրոյի տրանշ։ Չեմ կասկածում, որ բրյուսելյան
բյուրոկրատիան կստիպի մեր հայ ընկերներին հատուցել այս տրանշի յուրաքանչյուր ցենտի
դիմաց»,- նշել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Նա հավելել է, որ արտաքին քաղաքական կուրսի ընտրությունը
հայ ժողովրդի և երկրի ղեկավարության ինքնիշխան իրավունքն է, սակայն երկու միավորումներին
միաժամանակ անդամակցելը բացառվում է։

Լավրովի խոսքով՝ Մոսկվան նաև մտահոգությամբ է հետևում
Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումներին։

 

 

Leave a Comment