Այս ընտրությունները պետք է վերածվեն իշխանափոխության գործընթացի, բայց որևէ ուժ չի կարող միայնակ հաջողել. Ռուստամյան

Որևէ մեկը, այդ թվում՝ նաև Դաշնակցությունը, չի կարող միայնակ հաջողել Հայաստանում իշխանափոխություն իրականացնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Մենք պետք է այս ընտրությունները դիտարկենք հենց այդ տրամաբանության մեջ։ Այս ընտրությունները պետք է վերածվեն իշխանափոխության գործընթացի։ Այլ միջոց անիմաստ է։

Դրա համար երկու պայման է պետք, որ ցանկացած ուժ կարողանա բավարարել. ոչ միայն հաղթահարել շեմը, որովհետև եթե չհաղթահարի, նշանակում է՝ փոշիացում, Փաշինյանի օգտին մասնակցություն։ Բայց եթե անհրաժեշտ շեմն անցնում է, բայց ընդդիմությունը չի հաղթում, առաջանում է այն իրավիճակը, որն այսօր ունենք»,-ասաց Ռուստամյանը՝ նշելով, որ ընդդիմությունը, չնայած ԱԺ-ում ներկայացված լինելուն, որոշակիորեն կաշկանդված է իր գործողություններում, ունի այն ներկայացվածությունը, որը չի ազդելու երկրի ներքին գործընթացների վրա:

«Սա դառը փորձից ենք ասում։ Ուրեմն, եթե ուզում ենք հաջողել, պետք է ընդդիմադիր խոշոր ճակատ ձևավորվի։ Պետք է քարոզչությունը տարվի այնպես, որ եթե կոնկրետ ինձ ձայն չեք տալիս, կարող եք տալ այս ճակատից որևէ մեկին, և ժողովրդին մեղել՝ գնալու ընտրության և ընտրություն կատարել ընդդիմության մեջ»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Նրա խոսքով՝ ընդդիմության խնդիրը պասիվ զանգվածին ակտիվացնելն է։ Իշխանություններից դժգոհությունը, Ռուստամյանի համոզմամբ, մեծ է, և պետք է դժգոհ ընտրազանգվածը ընտրության հնարավորություն ունենա։

Ի պատասխան խնդրանքին՝ նշել մի քանի կուսակցություն, որոնք կարող են կազմել այդ ճակատը, նա նշեց՝ հենց ՀՅԴ-ն, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։  Բանակցություններ են ընթանում բազմաթիվ ուժերի, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ։

«Ով մեր դեմ չէ, նա մեզ հետ է»,- նշեց Ռուստամյանը՝ կոչ անելով մի կողմ դնել անձնական հավակնությունները և հետամուտ լինել ընդհանուր շահերին։

Leave a Comment