ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի զեկույցը:
Զեկույցի ռազմաքաղաքական ռիսկեր ենթաբաժնում նշված է, որ Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնության արդյունքներով 2026 թվականին ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական, և բարձրացել է խաղաղության ինստիտուցիոնալացման հավանականությունը։
«Նշված և ուղեկցող գործընթացների ու տվյալների համապարփակ վերլուծության արդյունքում գրեթե անհավանական ենք համարում 2026 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական մտադրությամբ պայմանավորված տարբեր մասշտաբների ռազմական էսկալացիան։ Քիչ հավանական ենք համարում նաև այնպիսի տեղային գործողությունները կամ միջադեպերը, որոնք ռազմաքաղաքական մտադրությամբ չեն պայմանավորված», – ասված է զեկույցի հիմնական հատվածում։
2026 թվականին, մեծ հավանականությամբ, ըստ հետախուզության ծառայության, նոր առաջընթաց կգրանցվի սահմանագծման և սահմանազատման գործընթացում, երկկողմ առևտրատնտեսական նախաձեռնությունների, հասարակությունների երկխոսության, հումանիտար և այլ հարցերում։ Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման դեպքում ևս Արտաքին հետախուզության ծառայությունը մեծ հավանականությամբ առաջընթաց գրանցելու հնարավորություն է տեսնում արդեն իսկ սկսված գործընթացներում։
«Միևնույն ժամանակ սակայն, 2026 թվականին կընդլայնվեն կապակցվածության ապահովման այս գործընթացների դեմ մեր տարածաշրջանում սեփական ազդեցությունը պահպանելու և ավելացնելու շահեր հետապնդող պետությունների կողմից վ նասակար գործողությունների ռիսկերը։ Իսկ Ադրբեջանի և այլ դերակատարների կողմից Հայաստանի ինքնիշխանությունը հարցականի տակ դնող, կապակցվածության ծրագրերի իրականացմանը խոչընդոտող վնասարար խոսույթների ու հասկացությունների հետևողական կիրառությունը միայն կնպաստի այդ ռիսկերի նյութականացմանը»,- նշված է զեկույցում։
Արտաքին հետախուզական ծառայությունը, սակայն, Ադրբեջանի կողմից առաջ մղվող այսպես կոչված «արևմտյան և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթն ու գործողությունները համարում է ռիսկային. «Ծառայության համապարփակ վերլուծությունը ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող և ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները»։
Ծառայության ունեցած տվյալները ցույց են տվել, որ Ադրբեջանը վաշինգտոնյան հռչակագրից հետո ոչ միայն չի նվազեցրել, այլև էականորեն ակտիվացրել է այդ քարոզչությունը, ինչը զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային կայունության, անվտանգության և երկարաժամկետ խաղաղության համար։ 2026 թվականին ծառայության առաջնահերթ խնդիրներից է լինելու գնահատելը, թե որն է Ադրբեջանի կողմից «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» առաջ մղման պետական քաղաքականության իրական նպատակը։
Շեշտվում է, որ գնահատման է ենթակա մասնավորապես այն, թե արդյո՞ք Ադրբեջանը, այդ թեմաները նոր ազգային գաղափարախոսություն դարձնելով, մտադիր է որևէ նոր ձևաչափով հակամարտությունը տեղափոխել Հայաստանի տարածք, թե՞ այս խոսույթն Ադրբեջանի արտաքին քաղաքական սակարկման և մասնավորապես՝ Ղարաբաղի հայերի վերադարձի թեմային հակազդելու գործիքակազմի մաս է։
Այս տարի Հայաստանի հիբրիդային սպառնալիքների մասին պատմող բաժնում հետախուզական ծառայությունը շեշտել է, որ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված՝ Հայաստանի դեմ արտաքին տարբեր դերակատարների կողմից իրականացվող ազդեցության գործողությունները, մեծ հավանականությամբ, կդառնան ավելի ընդգրկուն, բարդ և մասշտաբային։
«Հավանական է կեղծ, խեղաթյուրված կամ համատեքստից կտրված տեղեկատվության օգտագործմամբ տեղեկատվական վնասարար գործողությունների, վնասակար կիբեռ գործողությունների իրականացումը, ինչպես նաև «գետնի վրա» գործակալական ցանցի ակտիվացումը, իբրև թե «տեղական» քաղաքական ակտիվության գեներացումը, երիտասարդության և ակտիվիստական խմբերին թիրախավորող, վերջիններիս քաղաքական հայացքներն ու հայրենասիրական զգացմունքները շահագործող և մանիպուլացնող ծրագրերի կազմակերպումը», – ասված է զեկույցում։
Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների մասով ծառայության 2026 թվականի գնահատականը չի տարբերվում անցյալ տարվա գնահատականից։ Մասնավորապես, ընդգծվում է, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության «ապասառեցում», ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա, ինչը շարունակում են գնահատել որպես տարածաշրջանային անվտանգային կառույցի հեղինակության մարտահրավեր և հետևությունների աղբյուր կառույցի մյուս անդամ պետությունների համար:
