ՔՊ-ն 2026 թվականի նախընտրական ցուցակը կձևավորի եռօրյա ուղիղ հեռարձակման ռեժիմով. ԶԼՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախատեսում է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի վերջնական հաստատման համար կիրառել ուղիղ հեռարձակման ձևաչափը, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը։

Հունվարի 15-ին կայացած նախաձեռնող խմբի նիստում որոշվել է, որ թեկնածուների ընտրության և հաջորդականության որոշման գործընթացն անցկացվելու է թափանցիկության սկզբունքով։

Ըստ թերթի՝ շուրջ 1000 պատվիրակներ երեք օր շարունակ ուղիղ եթերի ռեժիմով կընտրեն անձանց, որոնք կընդգրկվեն 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում։ Քվեարկության արդյունքում թեկնածուները կդասավորվեն՝ ըստ ստացած վարկանիշի՝ առաջինից մինչև վերջին համարը։

Պարբերականը հավելել է, որ քվեարկության ավարտից հետո կուսակցությունը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կհրավիրի արտահերթ համագումար, որի ընթացքում պաշտոնապես կհայտարարվեն նախընտրական ցուցակի առաջատարների անունները։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 19-ին լրագրողներին հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար հաստատվել է մոտավորապես 300 հոգու թեկնածություն: Նա մանրամասնել էր, որ ամբողջական ցուցակը ձևավորելու է համաժողովը:

Leave a Comment