Իսպանիայում գնացքի վթարի հետևանքով զոհվել է 39 մարդ

Իսպանիայի հարավում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 39 մարդ, տասնյակները վիրավորվել են, հայտնում են իշխանությունները։ Սա երկրի ամենածանր երկաթուղային աղետն է վերջին տասնամյակում։ Գնացքները ռելսերից դուրս են եկել վերջերս վերանորոգված երկաթուղու ուղիղ հատվածում։

Գնացքը գծերից դուրս է եկել կիրակի օրը՝ տեղական ժամանակով ժամը 19:45-ին, Անդալուսիայի Ադամուզ քաղաքի մոտակայքում, որը գտնվում է Իսպանիայի հարավում գտնվող Կորդոբա քաղաքից ոչ հեռու։

Մալագայից Մադրիդ մեկնող Iryo արագընթաց գնացքի վագոնները դուրս են եկել գծերից և հայտնվել հակառակ կողմում՝ բախվելով Մադրիդից Ուելվա մեկնող հանդիպակաց գնացքին:

Երկաթուղային ընկերությունների տվյալներով՝ երկու գնացքներում եղել է 400 ուղևոր և անձնակազմի անդամ։ Անդալուսիայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ առնվազն 73 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից 24-ը ծանր վիրավորվել են, այդ թվում՝ չորս երեխա։

Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն միջադեպը որակել է «չափազանց տարօրինակ».իշխանությունները հետաքննություն են սկսել։

Ըստ «Էլ Պաիս»-ի կողմից մեջբերված Պուենտեի` գնացքը գծերից դուրս է եկել երկաթուղու ուղիղ հատվածում, որը վերանորոգվել էր անցյալ տարվա մայիսին։

Վերանորոգման ծախսերը կազմել են մոտ 700 միլիոն եվրո, իսկ գնացքն ինքնին գործնականում նոր է եղել, հայտարարել է նախարարը։ Կառավարության կողմից վարձված մասնագետները «խիստ շփոթված են տեղի ունեցածից», հավելել է նա։

Հետաքննությունը վարում է Երկաթուղային վթարների հետաքննության հանձնաժողովի հովանու ներքո ձևավորված փորձագետների խումբը: Նախատեսվում է, որ հետաքննությունը կտևի առնվազն մեկ ամիս:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝ Կորդոբա նահանգում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ:

Leave a Comment