ԻՆչպես կարող է թոշակառուն իր գույքի հաշվին եկամուտ ստանալ

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն այսօր՝  հունվարի 19-ին հրավիրված ասուլիսում անդրադարձել է «հետադարձ հիփոթեք» և «կողակցի սեփականության իրավունք» իրավական ինստիտուտների ներդրմանը, որով քաղաքացիները կկարողանան իրենց գույքի արժեքի հաշվին ստանալ եկամուտ՝ շարունակելով պահպանել ինչպես սեփականության, այնպես էլ դա օգտագործելու, այդտեղ բնակվելու իրավունքը։

«Ենթադրենք ես անցել եմ թոշակի, ունեմ որոշակի անշարժ բնակելի գույք, կանչում եմ գնահատող մասնագետի, գնահատվում է անշարժ գույքի արժեքը՝ որոշվում շուկայական արժեքը, պետությունը ստուգում է այդ շուկայական արժեքի որոշումը ՝ համոզվում, որ գնահատման հաշվետվությունը որակով է իրականացված եւ սա արդեն առաջարկվում որպես հետադարձ հիպոտեկ բանկին, բանկը վերցնում է հետադարձ հիպոտեկ, ես պահպանում եմ իմ սեփականության իրավունքը գույքի նկատմամբ, ապրում եմ այդ գույքում եվ ամեն ամիս սկսում եմ գումար հետ ստանալ բանկից», բացատրել է Թովմասյանը։

Այսպիսով` քաղաքացիները կկարողանան իրենց գույքի արժեքի հաշվին ստանալ եկամուտ՝ շարունակելով պահպանել ինչպես սեփականության, այնպես էլ դա օգտագործելու, այդտեղ բնակվելու իրավունքը։

Նախագծով սահմանվում են էական երաշխիքներ․

  • հետադարձ հիփոթեքի տարեկան տոկոսադրույքը չի կարող գերազանցել տվյալ պահին գործող հիփոթեքային վարկերի նվազագույն տարեկան տոկոսադրույքը,
  • գույքը պարտադիր ապահովագրվում է, կատարվում են հարկային պարտավորությունները, հատուկ մեխանիզմների միջոցով պահպանվում է գույքի բարեկարգությունը,
  • գրավատուի կամ նրա իրավահաջորդների պարտավորությունները չեն կարող գերազանցել գույքի իրացումից ստացված գումարի չափը,
  • սահմանվում է նախնական խորհրդատվության պարտադիր պահանջ՝ ֆինանսական և իրավական ռիսկերը նվազեցնելու նպատակով։

Կողակցի սեփականության իրավունքը միաժամանակ նախատեսում է, որ ամուսնության ընթացքում ձեռք բերված և ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքը սեփականատերերի դիմումի հիման վրա կարող է գրանցվել որպես կողակցի սեփականություն, ինչի արդյունքում՝ ամուսիններից մեկի մահից հետո կողակիցը շարունակում է սեփականության իրավունքով անխոչընդոտ տնօրինել և օգտագործել իր կենցաղային միջավայրը՝ բնակարանը կամ տունը՝ որպես մեկ ամբողջական գույքային միավոր, առանց այդ փուլում գույքը մյուս ժառանգների հետ բաժանելու անհրաժեշտության։

Ամուսնության ընթացքում գույքի գրանցումը որպես կողակցի սեփականություն նաև ապահովում է իրավական հստակություն և գույքային հարաբերությունների կանխատեսելի զարգացում՝ ամրապնդելով ամուսնու սոցիալական պաշտպանվածությունը։

Այս ինստիտուտները կիրառվում են մի շարք զարգացած երկրներում (ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա)՝ ապահովելով սեփականության իրավունքի լիարժեք իրացում, ֆինանսական գործիքների ընդլայնում և քաղաքացիների համար ստեղծում են իրենց գույքի արժեքը կայուն եկամտի վերածելու նոր հնարավորություն։

Leave a Comment