Ազատի կացարանի հրդեհի գործով տուժողների ներկայացուցիչ․ Միջնորդելու ենք, որ Փաշինյանն ու Պապիկյանը հարցաքննվեն

Ազատի կացարանի հրդեհի գործով տուժողների ներկայացուցիչ․  Միջնորդելու ենք, որ Փաշինյանն ու Պապիկյանը հարցաքննվեն

19 հունվարի 2026 – 13:07 AMT

PanARMENIAN.Net – Ազատ գյուղի զինվորական կացարանում 2023-ի հունվարին 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով տուժողների շահերի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը հայտարարել է, որ առաջիկայում միջնորդություն են ներկայացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին որպես վկա դատակոչելու և հարցաքննելու վերաբերյալ։

«Համապատասխան փուլում միջնորդություն ենք ներկայացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին նույնպես դատակոչելու և հարցաքննելու համար»,- ասել է նա ասուլիսում, հայտնում է Panorama.am-ը:

Նրա խոսքով՝ երկու օր առաջ նա կրկին ուսումնասիրել է հենց 2023 թվականի հունվարի 19-ի կառավարության նիստում հնչած հայտարարությունները, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Պապիկյանի դիտարկումները, հանձնարարականները, ինչպես նաև այլ պաշտոնյաների կողմից ներկայացված տեղեկությունները։ Ըստ նրա՝ այդ հայտարարությունները կարող են որոշիչ դեր ունենալ գործի ամբողջական պատկերը ձևավորելու հարցում։

Փաստաբանը նշել է, որ իրենք նաև դատական գործընթացի շրջանակում միջնորդելու են իրականացնել կրկնակի քննչական փորձարարություն՝ փորձելով հնարավորինս վերարտադրել դեպքի հանգամանքները, որպեսզի վերականգնվի ամբողջ պատկերը։

«Մասնագետները ոչ միայն չեն բացառել, նաև հնարավոր են համարել քննչական փորձարարության իրականացումը։ Այդ միջնորդությունը բավարարելու դեպքում, կարծում եմ, հետագայում կարող է էական նշանակություն ունենալ գործի իրական պատկերը, համենայնդեպս, ծնողների, հանրության համար պարզ դարձնելու համար»,- ասել է Նորիկյանը։

2023 թ․ հունվարի 19-ին՝ առավոտյան ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, ևս 7 հոգի տեղափոխվել էր հոսպիտալ։

2023 թ. հունվարի 19-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալների համաձայն, հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց, խոսքը վերաբերում է ավտոբենզինին, որը հետագայում հնարավոր չի եղել մարել։

Մենք պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այլ բոլոր նախնական տվյալներով, փորձ արվել 5 լիտրանոց տարան բացել, լցնել վառարանի մեջ: Բնականաբար, երբ եղել է կրակ, ոչ միայն այրվել է բենզինը, այլև կրակն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդով այդ 5 լիտրանոց բենզինով տարան շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ: Ենթադրում ենք, մեծ հավանականությամբ, ոչ դիտավորյալ, որից հետ պարզ է թե ինչ է տեղի ունեցել»։

Leave a Comment