«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը անդրադարձել է Հայաստանում դեղերի գների խնդրին, որոնք անհամեմատ ավելի թանկ են, քան հարևան Վրաստանում։
«Շատերդ գիտեք, որ մարդիկ գնում են Վրաստան, այնտեղից են դեղերը առնում, որովհետև էժան է։ Վրաստանի համակարգը մենք ներդնելու ենք այստեղ։ Համարյա 20-30%-ով, դեղեր կան` երկու անգամ էժան են։ Նույն ճանապարհով, որով Վրաստանն է էժանացրել դեղերի գները, մենք նույնպես այդ ճանապարհով գնալու ենք» ,- այս մասին Մալաթիա-Սեբաստիա համայնքում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա ընդգծեց, որ այս բոլոր ծրագրերի հիմնական նպատակը մեկն է. «Հայաստանում պետք է ստեղծվեն շատ լավ վարձատրվող աշխատատեղեր: Հայաստանում պետք է երկրի ղեկավարը գիշեր-ցերեկ մտածի աշխատատեղեր ստեղծելու մասին, որպեսզի աշխատատեղերը շատ լինեն, մարդը ինքը ընտրի՝ ուր է գնում, ինչ աշխատավարձով է գնում, որ երիտասարդները հնարավորություն ունենան, ով ուզում է ձեռներեցությամբ զբաղվի, ով ուզում է աշխատանքի անցնի ինչ-որ տեղ։ Սա է ճանապարհը նորմալ երկիր ունենալու համար։ Մենք շատ բան չենք ուզում, ոսկե սարեր խոսք չենք տալիս, աշխարհի երկրների կեսը այս ճամփան անցել է»,–ասաց նա։
Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանն աղքատության ցուցանիշով 110-րդ է աշխարհում. «բայց մենք տեսնում ենք, որ այս ժողովուրդը աղքատ ժողովրդի պոտենցիալ չունի, ինքը հաստատ հաջողության հասնող ժողովուրդ է, ուղղակի լավ կառավարող է պետք։ Մենք այս ճանապարհով գնալու ենք առաջ մինչև վերջ, մինչև հաղթանակ։
Երբ մենք մարդկանց քննադատում ենք, դա անում ենք, որպեսզի հաջորդ ղեկավարությունը այդ նույն թերությունները չանի։ Մենք չենք ուզում իրենց հիշենք ամեն անգամ, որովհետև ոչ մեզ է հաճելի, ոչ որևէ մեկին»,– ընդգծեց Նարեկ Կարապետյանը։