Թրամփը մտադիր է մաքսատուրքեր սահմանել եվրոպական երկրների նկատմամբ, մինչև Գրենլանդիայի շուրջ գործարք լինի

Թրամփը մտադիր է մաքսատուրքեր սահմանել եվրոպական երկրների նկատմամբ, մինչև Գրենլանդիայի շուրջ գործարք լինի

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ փետրվարի 1-ից Միացյալ Նահանգներ ապրանքներ արտահանող եվրոպական մի շարք երկրների համար 10 տոկոս մաքսատուրք կսահմանվի, որն ուժի մեջ կմնա այնքան, քանի դեռ գործարք չի կնքվել ԱՄՆ կողմից Գրենլանդիայի ամբողջական գնման վերաբերյալ։

Դոնալդ Թրամփը սոցցանցում գրել է, որ մաքսատուրքը կվերաբերի Դանիային, Նորվեգիային, Շվեդիային, Ֆրանսիային, Գերմանիային, Միացյալ Թագավորությանը, Նիդեռլանդներին և Ֆինլանդիային և կներառի բոլոր ապրանքները։ Իսկ հունիսի 1-ին այն կբարձրանա մինչև 25 տոկոս։

«Մենք տարիներ շարունակ սուբսիդավորել ենք Դանիային, Եվրամիության բոլոր երկրներին և այլ երկրների՝ նրանցից չգանձելով մաքսատուրքեր կամ որևէ այլ տեսակի վարձատրություն։ Դարեր անց հիմա ժամանակն է, որ Դանիան հատուցի»,- գրել է նա։

«Աշխարհի խաղաղությունը վտանգված է։ Չինաստանը ցանկանում է Գրենլանդիան, և Դանիան ոչինչ չի կարող անել դրա հետ կապված», – գրել է Սպիտակ տան ղեկավարը՝ պնդելով, որ Գրենլանդիան պաշտպանված է միայն «երկու շնասահնակով»:

Թրամփը նաև նշել է, թե եվրոպական այս երկրները «անհայտ նպատակներով այցելել են Գրենլանդիա» և «շատ վտանգավոր խաղ» են խաղում և «պետք է ձեռնարկվեն խիստ միջոցներ», որպեսզի այս «հնարավոր վտանգավոր իրավիճակը արագ ավարտվի»։

ԱՄՆ նախագահն այս հայտարարությունն անում է ընդամենը երկու օր անց այն բանից հետո, երբ եվրոպական երկրները՝ Գրենլանդիան գնելու մասին Սպիտակ տան ղեկավարի ավելի վաղ արած հայտարարություններից հետո, փոքրաթիվ զորամիավորումներ ուղարկեցին Գրենլանդիա։

Leave a Comment