
Ամերիկյան Merge Labs ստարտափը, որը ֆինանսավորվում է ChatGPT չաթբոտը ստեղծած OpenAI ընկերության կողմից, ծրագրում է մշակել տեխնոլոգիա, որը հնարավորություն կտա համակարգիչն ինտեգրել մարդու ուղեղին՝ առանց հյուսվածքների մեջ չիպեր տեղադրելու անհրաժեշտության։ Այդ մասին նշվում է ստարտափի կայքում։
«Մենք մշակում ենք ամբողջովին նոր տեխնոլոգիաներ, որոնք նեյրոնների հետ միանում են մոլեկուլների միջոցով, այլ ոչ էլեկտրոդների, …այդպիսով խուսափելով ուղեղի հյուսվածքի մեջ իմպլանտացիայից», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տեխնոլոգիան թույլ կտա մարդուն և համակարգչին տեղեկատվություն փոխանակել ուլտրաձայնի միջոցով։ Ընկերությունում վստահեցնում են, որ դա հնարավոր է դարձել կենսաինժեներիայի, նեյրոբիոլոգիայի, ինչպես նաև սարքավորումների և ծրագրային ապահովման ոլորտներում նոր զարգացումների շնորհիվ։
OpenAI ընկերությունը հայտնել է, որ ստարտափի այս մշակումները հնարավորություն կտան բարձրացնել մարդու և համակարգչի միջև տեղեկատվության փոխանակման արագությունը, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ըստ նրանց՝ ԱԲ-ն կկարողանա հարմարվել մարդուն և «կարդալ» նրա մտքերը։