Իրավապաշտպան. Բաքվում Վարդանյանի նկատմամբ տարբերակված մոտեցում կա

Իրավապաշտպան. Բաքվում Վարդանյանի նկատմամբ տարբերակված մոտեցում կա

17 հունվարի 2026 – 13:34 AMT

PanARMENIAN.Net – Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասուլիսում ասել է, որ Բաքվում վերաբերմունքի առումով տարբերակված մոտեցում կա Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի պարագայում։

«Մեծացել է Ռուբեն Վարդանյանի մեկուսացվածությունը արտաքին աշխարհից։ Ընտանիքի միջոցով տեղեկացանք, որ պակասել է զանգերի հաճախականությունը։ Եթե մյուս գերիների պարագայում շաբաթը մեկ զանգի հնարավորություն է տրվել որպես կանոն չորեքշաբթի օրերին, ապա Ռուբեն Վարդանյանի պարագայում այս մեկ շաբաթը պահպանված չէ։ Ինչ–ինչ պատճառներով նա մեկուսացվում է, նրա դատական գործը ձգձգվում է, և նա զրկվում է դատարանում իր վերջին խոսքն արտահայտելու իրավունքից»,– ասել է Սահակյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ չնայած ադրբեջանական աղբյուրները կարող են այլ մեկնաբանություններ տալ, հայ ռազմագերիների հարցը կրում է նաև կրոնական բնույթ։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը միտումնավոր ձևով թիրախավորել է քրիստոնյա հայերին։

«Թեև առանձին գրքեր թույլատրվում է տրամադրել հայ բանտարկյալներին, սակայն հնարավոր չէ նրանց փոխանցել Աստվածաշունչը, և սա բացատրություն չունի։ Եթե գրքերի հասանելիություն տրվում է, և անձը ազատ ժամանակ ընթերցելու հնարավորություն ունի, ինչո՞ւ իր ցանկությամբ, իր նախընտրությամբ, դա չի կարող լինել հենց Աստվածաշունչը։ Եվ սա թե՛ Ռուբեն Վարդանյանին է արգելվել, թե՛ մյուս բանտարկյալներին։ Բացի այդ, հավաքել են կրոնական սիմվոլները, անգամ բանտարկյալների դաջվածքներն են այրել, և մեր գնահատմամբ` քրիստոնյա լինելը ևս գործոն է, որը ինչ–որ չափով կարող է դժվարացնել այս խնդրի լուծումը»,– ասել է իրավապաշտպանը։

Սահակյանն ասել է նաև, որ Բաքվում դատավարությունների հիմնական նպատակը Արցախի քաղաքական միավորի ապալեգիտիմացումն է, հայտնում է Panorama.am-ը։

«Բաքվում ընթացող դատավարությունների նպատակն է Արցախի քաղաքական միավորի ապալեգիտիմացումը, ցուցադրական պատիժը բոլոր այն հայերի նկատմամբ, որոնք ի նպաստ Արցախի գործունեություն են իրականավցրել»,– ասել է նա:

Նա նշել է, որ դատավարության ամբողջ գործընթացը կապված էր Արցախի, դրա ինքնորոշման իրավունքի, հայկական պատկանելիության, ի նպաստ Արցախի գործունեության հետ։

Սահակյանի ներկայացմամբ, Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների և քաղբանտարկյալների դատավարություններն ընթացել են փակ ռեժիմով, ոչ հրապարակային։

«Դատական նիստերի քանակը գերազանցել է մոտ 150-ը և այդ ընթացքում չտեսանք կոնկրետ փաստեր, ապացույցներ, արարքներն այդպես էլ մնացին չապացուցված»,- ասել է Սահակյանը։

Ռուբեն Վարդանյանը նոյեմբերին հեռախոսազրույց էր ունեցել իր ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ՝ փոխանցելով հետևյալ ուղերձը՝ «Արցախը եղել է, կա և կլինի»:

2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սահմանապահ ուժերը ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, ինչպես նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։ Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված գործը քննվում է առանձին վարույթի շրջանակում։

Leave a Comment