Վարդևանյան․ Կամ թող ասեն, որ օրենսգիրքը դրվում է մի կողմ, կամ պետք է կրկին դիտարկեն տնային կալանքի միջնորդությունը

Վարդևանյան․ Կամ թող ասեն, որ օրենսգիրքը դրվում է մի կողմ, կամ պետք է կրկին դիտարկեն տնային կալանքի միջնորդությունը

16 հունվարի 2026 – 18:43 AMT

PanARMENIAN.Net – Գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Վերաքննիչի այն որոշմանը, որով բեկանել է տնային կալանքի որոշումը և Կարապետյանը կրկին պետք է տեղափոխվի ՔԿՀ, ասել է, որ քրեական դատավարության օրենսգիրքը խափանման միջոցի փոփոխության որևէ կառուցակարգ չի նախատեսում, եթե արդեն հստակ ժամկետն առկա է:

Կա՛մ թո՛ղ գան արձանագրեն, որ ՀՀ–ում քրեական դատավարության օրենսգիրքը դրվում է մի կողմ, կա՛մ պարզապես պետք է ստիպված լինեն կրկին դիտարկել տնային կալանքի երկարաձգման միջնորդությունը, որի վերաբերյալ մենք ունենք առարկություն»,- հավելել է Վարդևանյանը, գրում է Auroranews.am-ը:

Նա նշել է, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը չի ասել, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք չպետք է կիրառվեր, ասել է, որ այդ հարցով վարույթ հարուցելու համար վաղ էր, պետք էր ավելի ուշ հարուցել՝ նա բեկանել է վարույթ հարուցելու որոշումը:

«Տեխնիկական, ֆանտազիայի տիրույթում գտնվող պատճառաբանությամբ է բեկանվել որոշումը։ Բայց չի ասել, որ տնային կալանք կիրառելու մասին որոշումը պետք է բեկանվի և պետք է, օրինակ, կալանք կիրառվի։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, եթե առկա է ինտենսիվ խափանման միջոց՝ կալանք կամ տնային կալանք, դրա լրանալուց 5 օր առաջ պետք է երկարաձգման վերաբերյալ միջնորդություն ներկայացնել։ Սամվել Կարապետյանի դեպքում, ըստ քննչական մարմնի, այն լրացել էր հունվարի 13-ին, և քննիչի կողմից ներկայացվել է միջնորդություն տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Դա դիտարկվել է դատավորի կողմից, վարույթ է հարուցվել և այսօր՝ 16։00-ին, դատական նիստ է նշանակվել։ Քրեական դատավարության օրենսգիրքը խափանման միջոցի փոփոխության որևէ կառուցակարգ չի նախատեսում, եթե արդեն հստակ ժամկետն առկա է, չի նախատեսում»,-ասել է նա:

Դեկտեմբերի 30-ին դատարանը որոշել էր Կարապետյանին ազատել կալանքից՝ կիրառելով գրավ և տնային կալանք։ Նույն օրը նա տեղափոխվել էր ՔԿՀ-ից տուն։

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշումը, որով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ ընտրվել էր տնային կալանք։ Նոր որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանք՝ երկու ամսով։

Leave a Comment