16 հունվարի 2026 – 18:46 AMT
PanARMENIAN.Net – Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով պարզվել է, որ Հայաստանի տարածքում գրանցված միջազգային բժշկական կենտրոններից մեկի տնօրենի տեղակալը կաշառք ստանալու դիմաց աջակցել է մի քանի զինակոչիկների՝ պարտադիր զինվորական ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու նախապատրաստական գործընթացում։
Մասնավորապես, նախաքննությունը հաստատել է, որ 2023 թվականին նշված ԲԿ-ի փոխտնօրենը մի զինակոչիկի ծնողից պահանջել և անձամբ ստացել է 3500 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 1,351,000 ՀՀ դրամ գումար։ Կաշառքը տրվել է այն պայմանով, որ պաշտոնյան բժշկական փաստաթղթերում ներառի կեղծ տեղեկություններ զինակոչիկի առողջական վիճակի վերաբերյալ և, չհիմնավորված պատճառաբանություններով, օգնի խուսափել զինվորական ծառայությունից։
Բացի այդ, 2024 թվականին նույն անձը, ինչպես զինկոմիսարիատների ուղեգրերի հիման վրա, այնպես էլ իր նախաձեռնությամբ, կազմակերպել է կեղծ բժշկական զննումներ՝ տարբեր բուժհաստատություններում։ Այդ գործընթացում կազմվել են զինակոչիկների առողջական խնդիրների վերաբերյալ ապատեղեկատվություն պարունակող փաստաթղթեր, որոնք օգտագործվել են զինծառայությունից խուսափելու նպատակով։ Դրա դիմաց պաշտոնյան զինակոչիկների հարազատներից պահանջել և ստացել է տարբեր չափերի կաշառք։
Նախաքննությունը պարզել է նաև, որ 2025 թվականին նույն բուժհաստատության գիտաշխատողի օժանդակությամբ փոխտնօրենը փորձել է կազմակերպել հերթական զինակոչիկի խուսափումը զինվորական ծառայությունից՝ փաստաթուղթ կեղծելու եղանակով։ Սակայն հանցավոր ծրագիրը չի իրականացել՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների ժամանակին արձագանքի շնորհիվ, քանի որ նախքան զորակոչի սկսվելը ապօրինությունը բացահայտվել է։
Փոխտնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 272-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ինչպես նաև 46-43-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց սկզբում կիրառվել է կալանքը, որը հետագայում փոխարինվել է համակցված այլընտրանքային խափանման միջոցներով։
Մեղադրանքներ են ներկայացվել նաև նրան օժանդակած և կաշառք տված ութ քաղաքացիների։ Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, իսկ նյութերը մեղադրական եզրակացությամբ փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։