16 հունվարի 2026 – 16:23 AMT
PanARMENIAN.Net – Գործարար և բարերար Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն քրեակատարողական հիմնարկ: Այդ մասին հայտնել են Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
Վերաքննիչը բեկանել է տնային կալանքի որոշումը:
Դատախազությունը հունվարի 5-ին բողոք էր ներկայացրել՝ պահանջելով վերանայել դատարանի կողմից դեկտեմբերի 30-ին կայացված որոշումը, որի համաձայն Կարապետյանի խափանման միջոցը փոխարինվել էր տնային կալանքով։
Հունվարի 5-ին դատախազությունը մուտքագրել էր վերաքննիչ բողոք՝ Սամվել Կարապետյանի կալանքի պահանջով: Վերաքննիչ դատարանը հունվարի 12-ին վարույթ էր ընդունել դատախազի և նաև Կարապետյանի պաշտպանական խմբի բերած բողոքները։ Որոշման հրապարակման օր էր սահմանվել հունվարի 16-ը:
Այսօր դատարանը բեկանել է առաջին ատյանի դատավոր Սարգիս Պետրոսյանի որոշումը՝ բավարարելով վերաքննիչ բողոքը և վերականգնելով կալանքը որպես խափանման միջոց։
Գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվել էր 2025 թվականի հունիսի 18-ին՝ իր տանը խուզարկությունից հետո։ Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով, այդ թվում՝ հարկերից խուսափելու, փողերի լվացման և հակասահմանադրական գործողությունների հրապարակային կոչերի համար։ Հունիսի 17-ին Սամվել Կարապետյանը հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Հոկտեմբերին նրա մեղադրանքը համալրվել էր նոր հոդվածներով՝ ներառյալ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերի փողերի լվացում:
Դեկտեմբերի 30-ին դատարանը որոշել էր Կարապետյանին ազատել կալանքից՝ կիրառելով գրավ և տնային կալանք։ Նույն օրը նա տեղափոխվել էր ՔԿՀ-ից տուն։