16 հունվարի 2026 – 13:06 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովում միջադեպ է տեղի ունեցել. պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դահլիճից դուրս է հրավիրել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներ Քնար Մանուկյանին և Սոնա Գրիգորյանին։
Այս լրագրողների մուտքը խորհրդարան արգելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն այսօր նրանց անցագիր էր տրամադրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սկզբում դեմ չէր, որ լրագրողները ներկա լինեն նիստին, սակայն կարճ ժամանակ անց, երբ անվտանգության աշխատակիցները մտան դահլիճ, նա պահանջել է, որ լրագրողները դուրս գան, հայտնում է Sputnik Արմենիան:
Ի պաշտպանություն լրագրողների հանդես է եկավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որի հեղինակած նախագիծն այդ պահին քննարկվում էր նիստի ժամանակ։
«Ներկայացրեք ձեր պահանջի օրինական հիմքերը»,– ասել է պատգամավորը։
Անվտանգության աշխատակիցը պնդել է, որ կա ԱԺ աշխատակազմի ղեկավարի ցուցում, որ լրագրողները դուրս գան, ի պատասխան լրագրող Քնար Մանուկյանը հայտարարել է, որ կհանդիպեն դատարանում։
Կարճ ժամանակ անց անվտանգության աշխատակիցները լքել են դահլիճը, իսկ լրագրողները մնացել են, սակայն Քոչարյանը հայտարարել է, որ կա ԱԺ կանոնակարգի խախտում, ու լրագրողները պետք է դուրս գան դահլիճից, թեև սկզբից համաձայնել էր, որ նրանք ներկա լինեն նիստին։
«Ալեն Սիմոնյանի դուքյանն եք դարձրել»,– հայտարարել է Քնար Մանուկյանը։
«Այո՛, հիմա դուրս եկեք, որպեսզի դուքյան չլինի»,– արձագանքել է Քոչարյանը։
Լրագրողները ստիպված դուրս են եկել` հայտարարելով, որ Գեղամ Մանուկյանն է իրենց անցագիր իջեցրել, որին ի պատասխան Քոչարյանն ասել է, թե Գեղամ Մանուկյանը կարող է իր սենյակ հրավիրել, այլ ոչ թե հանձնաժողովի նիստին։
ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը եկել է միջադեպի վայր ու պահանջել, որ լրագրողները դուրս գան խորհրդարանից։ Անվտանգության աշխատակիցները սկզբում համաձայնել են լրագրողներին ուղեկցել Գեղամ Մանուկյանի աշխատասենյակ, սակայն երբ Քնար Մանուկյանը փորձել է ցույց տալ այն վայրը, որտեղ զրույց է ունեցել ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ, և նա հայտարարել է, որ «Ժողովուրդ» օրաթերթը կզրկվի հավատարմագրումից, իրարանցում է սկսվել ։ Լրագրողներին միանգամից դուրս են հանել ԱԺ շենքից։
«Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանը հայտարարել է` պատասխանատվության են կանչելու ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին և ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանին։