Կրեմլը համաձայն է Թրամփի հետ, որ «Կիևն է արգելակում խաղաղ կարգավորումը»

Քաղաքականություն

15.01.2026 | 15:56

Կրեմլը հայտարարել է, որ համաձայն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարության հետ, որ «Կիևն է արգելակում  հակամարտության խաղաղ կարգավորումը», և որ ժամանակն է՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանատվություն ստանձնի և համապատասխան որոշում կայացնի, գրում է Ինտերֆաքսը։

«Այստեղ մենք կարող ենք իսկապես համաձայնվել [Թրամփի կարծիքի հետ]։ Դա իսկապես այդպես է։ Նախագահ Պուտինը և ռուսական կողմը շարունակում են բաց լինել»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ուկրաինական կարգավորման վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշման վերաբերյալ Կրեմլի խոսնակն ընդգծել է. «Ռուսական կողմի դիրքորոշումը լավ հայտնի է և՛ ամերիկացի բանակցողներին, և՛ նախագահ Թրամփին։ Այն լավ հայտնի է Կիևում։ Այս դիրքորոշումը հետևողական է»։

Պեսկովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանն ակնկալում է Ուկրաինայի հարցով ամերիկացի բանակցողների՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկոֆի և ձեռնարկատեր Ջարեդ Քուշների նոր այցը, երբ համաձայնեցվեն հանդիպումների ամսաթվերը։

«Ամերիկացի բանակցողների հետ շփման առկա ուղիները շարունակում են գործել: Այս երկխոսությունը շարունակվում է: Երբ ամսաթվերը համաձայնեցվեն, մենք հույս ունենք, որ նման այց կկայանա»,- ասել է նա։

Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Ուիթկոֆը և Քուշները ծրագրում են կրկին մեկնել Մոսկվա և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment