15 հունվարի 2026 – 14:42 AMT
PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում վստահեցրել է, որ 2026-ի դեկտեմբերին հեղուկ գազի գնի բարձրացման հետ կապված խնդիր այլևս չի լինի:
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն, անդրադառնալով հեղուկ գազի գնի թանկացման վերաբերյալ հնչող քննարկումներին, պնդել է, որ դա սովորական երևույթ է, որը գրեթե ամեն տարվա դեկտեմբերին է արձանագրվում։ Նրա խոսքով, դրա համար որևէ արտառոց բացատրություն չկա, հայտնում է 1lurer.am-ը:
«Ամեն տարի, երբ Լարսը ճանապարհային հանգույցի խնդիր է ունենում, տրանսպորտային հանգույցները թանկանում են, և ամեն տարի նոր պատճառաբանություններ են լինում: Սովորական պրոցես է, ապրիլ-մայիս ամիսներին էժան է, դեկտեմբերին թանկ է, և այստեղ լուրջ պրոբլեմ գոյություն չունի, դեֆիցիտ ևս գոյություն չունի»,- պարզաբանել է Գևորգյանը։
Փաշինյանն արձագանքել է՝ ընդգծելով, որ խնդրի արմատը գտնվում է մատակարարման հնարավոր տարբեր ուղիներ ու աղբյուրներ ապահովելու հարցում՝ խաղաղության համատեքստում։
«Այստեղ է հարցը, պետք չէ շատ բան փնտրել: Եվ մենք պետք է գնանք այդ ճանապարհով և գնում ենք այդ ճանապահով: Համոզված եղեք, որ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի այդ հարցը, վստա՛հ եղեք»,-ասել է նա:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ևս մանրամասնել է իրավիճակը՝ նշելով, որ սովորաբար հեղուկ գազը ՀՀ է ներմուծվում Վերին Լարսով՝ Ռուսաստանից, ինչպես նաև Իրանից։ Սակայն վերջին շրջանում երկու ուղղություններով էլ խնդիրներ են ի հայտ եկել՝ տեղանքային պայմանների և այլ հանգամանքների հետևանքով։
«Մի դեպքում ձյան առատ տեղումներ են, մյուս դեպքում՝ գիտենք: Այս պայմաններով պայմանավորված՝ բոլոր գործարարներին մեր առաջարկը հետևյալն է եղել, որ ժամանակն է օգտվել երկաթուղային հաղորդակցությունից: Կարծում ենք՝ առաջիկայում այդ հարցը մեկընդմիշտ կկարողանանք լուծել, որովհետև երկաթուղային հաղորդակցությունն այդպիսի խնդիրների առաջ չի կանգնում, ինչպես, օրինակ, Վերին Լարսը»,-ասել է նա:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին ընդգծել է, որ մեծ հավանականությամբ, ապրանքատեսակի փոխադրումն ապագայում կիրականացվի նաև երկաթուղային ուղով՝ ըստ նրա՝ «քաղաքակիրթ ճանապարհով»։
«Կարծում եմ՝ մոտ ժամանակներում շուկան կադապտացվի այսօրվա իրականությանը, և ներմուծումները կիրականացվեն շատ ավելի սիստեմատիկ ու ճիշտ տրանսպորտային ուղիով»,- ասել է նա։
Փաշինյանն ամփոփելով քննարկումը՝ վերահաստատել է իր տեսակետը, որ 2026 թվականի դեկտեմբերին հեղուկ գազի թանկացման խնդիրը այլևս ակտուալ չի լինի։
Նա ընդգծել է, որ նման իրավիճակներում առաջնահերթություն է ստանում «TRIPP ուղու» գործարկումը, որի շուրջ արդեն ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ, հայտնում է «Ազատությունը»:
Վերջին օրերին բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են, մինչդեռ հեղուկ գազի գինը թանկացել է՝ լցակայաններում նախկինում եղած 190 դրամի փոխարեն ներկայումս կազմելով 230-240 դրամ, այսինքն՝ 40-50 դրամով ավելի։ Այդուհանդերձ, կառավարության ներկայացուցիչները բացառել են, թե գնի աճը որևէ առնչություն ունի Ադրբեջանի տարածքով ներմուծված բենզինի հետ։