15 հունվարի 2026 – 11:50 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով հայ գերիներից 4-ի վերադարձին, նշել է, որ սիրիացի ահաբեկիչներին պետք էր օգտագործել բոլորին վերադարձնելու համար:
Ըստ նրա՝ փաստացի ռազմական հանցագործ, վարձկան ահաբեկիչները հավասարվեցին մեր խաղաղ բնակիչների հետ, որոնք հայտնվել էին ադրբեջանական գերության մեջ:
«Ուրախ եմ ադրբեջանական գերությունից մեր հայրենակիցների վերադարձի համար: Բայց ահաբեկիչներին չի կարելի համեմատել անմեղ մարդկանց հետ: Այդ հանցագործների վերաբերյալ դատավարություններով պետք է բացահայտվեին Թուրքիայի ու Ադրբեջանի հետախուզական ներգրավվածությունը միջազգային ահաբեկիչների և վարձկանների տեղափոխման ու թրաֆիքինգի գործում: Ահաբեկիչներին պետք էր օգտագործել բոլորին վերադարձնելու համար»,-ասել է նա:
Ըստ նրա՝ չորս գերու դիմաց սիրիացի վարձկան ահաբեկիչներին վերադարձնելը պետք է դիտարկվի որպես իշխանությունների ձախողում, քանի որ հրապարակային դատավարության միջոցով հնարավոր կլիներ միջազգային մակարդակով բացահայտել ու փաստագրել ահաբեկչական ցանցերը և այդ կերպ՝ նաև ճնշում գործադրել Բաքվի վրա բոլոր գերիների վերադարձն ապահովելու համար։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ևս անդրադարձել է հարցին՝ ֆեյսբուքյան իր էջում քննադատելով գերիների վերադարձը որպես նախընտրական լծակ կիրառելու հնարավոր փորձերը։
«Ինձ թվում է՝ մենք լավ չենք պատկերացնում ինչ է նշանակում գերիների վերադարձը նախընտրական գործիք դարձնելը։
Դա նշանակում է ուղիղ և պաշտոնապես Ալիևին ասել՝ դու անսահման հնարավորություն ունես Հայաստանի ներքին գործերին միջամտելու։
Ուզում ես Հայաստանում քեզ հարմար ռեժիմ՝ գերեվարիր ՀՀ քաղաքացիներին, տարիներով պահիր Բաքվի բանտերում, հետո ընտրությունների նախաշեմին նրանցից մի քանիսին բաց թող։ Ու այդպես հավերժ։
Չի կարելի թույլ տալ, որ սա աշխատի։ Հանրությունը պետք է իսկապես ուրախությամբ ընդունի մեր գերիների վերադարձը, բայց բոլոր գերիների անհապաղ ազատ արձակումը ու նոր գերիներ չունենալը պետք է լինի ցանկացած իշխանության առջև դրված պահանջ, որի կատարումը պետք է լինի ինքըստինքյան ենթադրելի գործ, ոչ թե մեծ լավություն հանրությանը կամ ձեռքբերում, որը վաճառվում է ամենաթանկ գնով, ու դրանով արդեն Ադրբեջանի ձեռքում գերի կդառնանք բոլորս»,-գրել է նա:
Հունվարի 14-ին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին և Վագիֆ Խաչատրյանին։ Գևորգ Սուջյանն ու Դավիթ Դավթյանը գերեվարվել են 2020 թվականի նոյեմբերին՝ պատերազմից հետո, երբ փորձել են օգնություն հասցնել Արցախ։ Նրանք դատապարտվել են 15 տարվա ազատազրկման։ Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանն գերեվարվել է նոյեմբերի 10-ին՝ Շուշի տանող ճանապարհին, և դատապարտվել 20 տարվա ազատազրկման։
ՀՀ-ն իր հերթին 2020-ին Արցախում ձերբակալված սիրիացի ահաբեկիչներին է փոխանցել Սիրիային՝ Թուրքիայի միջոցով: Հայաստանը ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացիներին հանձնել է Սիրիային, որպեսզի վերջիններս պատժի մնացած մասը կրեն իրենց երկրում։ Այդ մասին հայտնել է արդարադատության նախարարությունը: