ՄՍՊՀ նախագահ․ Հեղուկ գազի թանկացման հիմնական պատճառը սեզոնային պահանջարկի ավելացումն է ու Լարսի փակ լինելը

ՄՍՊՀ նախագահ․ Հեղուկ գազի թանկացման հիմնական պատճառը սեզոնային պահանջարկի ավելացումն է ու Լարսի փակ լինելը

14 հունվարի 2026 – 18:59 AMT

PanARMENIAN.Net – Վերջին օրերին քաղաքացիների շրջանում ակտիվորեն տարածվում են դժգոհություններ հեղուկ գազի գնի բարձրացման և որոշ լցակայաններում դրա հասանելիության սահմանափակման կապակցությամբ։

Հեղուկ գազի թանկացման թեմային անդրադարձել է Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ասուլիսի ընթացքում ներկայացնելով ձևավորված իրավիճակի պատճառները, հայտնում է Panorama.am-ը:

Նրա պարզաբանմամբ՝ գների բարձրացման հիմնական գործոններն են սեզոնային պահանջարկի աճը և Վրաստանի տարածքով անցնող Լարսի անցակետի փակ լինելը։

«Լարսը որ փակվում է, այդ մեքենան, որ պետք է, ենթադրենք, 10 օրում գնար, գնում է 20 օրում, տրանսպորտը թանկանում է։ Թողենք այն, որ բորսայի գինը բարձրանում, իջնում է, բորսայից է կախված։ Բորսան միայն Հայաստանով չէ, Հայաստանն ամենամեծ սպառողը չէ։ Նույն ձև մյուս կողքի երկրները՝ ընդհուպ մինչև Պակիստան, եթե սկսում է բորսայից մեծ քանակ առնել, պահանջարկի սեզոնայնություն կա, սկսում է ապրանքի գինը թանկանալ։ Բնականաբար Հայաստանում էլ է թանկանում»,– նշել է ՄՍՊՀ նախագահը։

Գևորգյանը շեշտել է, որ հեղուկ գազի ներմուծմամբ զբաղվում է ավելի քան 100 տնտեսվարող, ուստի այս շուկայում պայմանավորվածություն լինելու վարկածը անհիմն է։

Ըստ նրա՝ առավել մեծ մասնաբաժին ունեցող ընկերության ներմուծման ծավալը չի անցնում 9 տոկոսը, հայտնում է Radar Armenia-ն:

«Մենք կարող ենք այդ ոլորտը չնայել, որովհետև ՀՀ-ում 100-ից ավել տնտեսվարող սուբյեկտ է ներմուծում հեղուկ գազ, և ամենաշատ մասնաբաժին ունեցող սուբյեկտի ներմուծման ծավալը 9%-ը չի գերազանցել»,– նշել է Գևորգյանը։

Leave a Comment