Հետևյալ հայտարարության տեքստը տարածվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հանդիպում են ունեցել Վաշինգտոնում՝ հրապարակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։ Այս փաստաթուղթը, որը հրապարակված է ստորև, նոր քայլ է 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված հանձնառությունների կյանքի կոչման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում հարատև խաղաղության գործին նպաստելու համար։
Շրջանակն ուրվագծում է ԹՐԻՓՓ-ի գործարկման կոնկրետ ուղին, որը նախատեսված է Հայաստանի տարածքով անխոչընդոտ, մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածության հաստատման համար։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և ստեղծելով Տրանս-Կասպյան առևտրային երթուղու կենսական օղակ՝ ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ-ը միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։
Արտացոլելով 2025 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի կողմից հյուրընկալած պատմական Խաղաղության գագաթաժողովում հաստատված սկզբունքները՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակն ընդգծում է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձության կարևորությունը ԹՐԻՓՓ-ի ընդհանուր հաջողության համար: ԹՐԻՓՓ-ի վերջնական նպատակն է ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի բարգավաճումն ու անվտանգությունը և խթանել ամերիկյան առևտուրն՝ ընդլայնելով տարածաշրջանային առևտուրն ու փոխկապվածությունը, ինչպես նաև ստեղծելով Կենտրոնական Ասիան և Կասպից ծովը Եվրոպային կապող նոր տարանցիկ հնարավորություններ:
ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակ
Այս փաստաթուղթն ուրվագծում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։
Ընդհանուր նկարագիր
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի վկայությամբ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ստորագրեցին Համատեղ հռչակագիրը, որը հիմք ստեղծեց ներպետական, երկկողմ և միջազգային տրանսպորտային հաղորդակցությունների բացման համար։ ԹՐԻՓՓ-ի իրականացման այս շրջանակն ուրվագծում է ԹՐԻՓՓ-ի հիմնադրման հետագա մանրամասները և առաջ է մղում Համատեղ հռչակագրի նպատակները։
ԹՐԻՓՓ-ը միտված է Հայաստանի տարածքում անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և ինտեգրմանը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգանքի հիման վրա։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և կենսական օղակ ստեղծելով Տրանս-Կասպյան առևտրային երթուղում՝ ակնկալվում է, որ այն միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։
ԹՐԻՓՓ-ի միջոցով ԱՄՆ-ն ձգտում է.
- օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի հիման վրա ապահովել առաջընթաց դեպի տևական խաղաղություն,
- տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և բարգավաճում խթանելու նպատակով բացել հաղորդակցությունը, առևտուրը և փոխկապակցվածությունը Հարավային Կովկասում,
- ընդլայնել շուկայի հասանելիությունը և մատակարարման կենսական շղթաները Տրանս-Կասպյան տարածաշրջանում,
- աշխարհին ներկայացնել բարգավաճման միջոցով կառուցվող խաղաղության օրինակ։
ԹՐԻՓՓ-ի միջոցով Հայաստանը ձգտում է.
- ընդլայնել Հայաստանի դերակատարությունը՝ որպես տարածաշրջանային տարանցիկ ու տնտեսական հանգույց,
- ներգրավել օտարերկրյա ներդրումներ Հայաստանի ենթակառուցվածքներում,
- ստեղծել ժամանակակից սահմանային կառավարման և առևտրի դյուրացման ինստիտուցիոնալ կարողություններ,
- ստեղծել կայուն եկամտային հոսքեր և գնման իրավունքներ Հայաստանի համար,
- ամրապնդել ռազմավարական գործընկերությունն ԱՄՆ հետ,
- նպաստել տարածաշրջանային ինտեգրմանն ու կարգավորմանը,
- ընդլայնել Հայաստանի արտահանման ներուժը դեպի նոր շուկաներ։ Մանրամասն՝ mfa.am

