Հունվարի 13-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։ Երկու երկրների արտաքին հարաբերությունների համար պատասխանատու պաշտոնատար անձինք ստորագրել են փաստացի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ/TRIPP) նախագծի մեկնարկն ազդարարող, այդ նախագծի Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Դա փաստաթուղթ է, որը կոչված է փոխելու Հայաստանի դերը տարածաշրջանային շախմատային տախտակին՝ դիվանագիտական հռչակագրերից անցում կատարելով կոշտ բիզնես-տրամաբանության և «ռազմավարական բաժնետիրության»։
Մուլտիմոդալություն. ավելին, քան պարզապես լոգիստիկա
Նախագծի առանցքում ընկած է TRIPP-ը «անխոչընդոտ, մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածության» ապահովման կոնցեպտ դարձնելու հաստատումը։ Մուլտիմոդալությունը ենթադրում է տարբեր տրանսպորտային միջոցների՝ երկաթուղու, ավտոճանապարհների, օդային և ջրային ուղիների այնպիսի սիներգիա, որտեղ բեռն ու ուղևորը տեղաշարժվում են մեկ միասնական շղթայով։
Սակայն ԹՐԻՓՓ-ի պարագայում սա զուտ լոգիստիկա չէ։ Սա Հայաստանը գլոբալ մատակարարման շղթաներին «զոդելու» փորձ է։ Եթե նախկինում Հայաստանը դիտարկվում էր որպես փակուղի, ապա այս նախագիծը նրան վերածում է «խելացի հանգույցի»։ Սա նշանակում է, որ Հայաստանը ոչ թե պարզապես ճանապարհ է տալու Ադրբեջանին՝ Նախիջևան հասնելու համար, այլ ստեղծելու է տերմինալներ, որտեղ միջազգային ապրանքաշրջանառությունը կհանդիպի հայկական արտադրանքին՝ բացելով նոր շուկաներ Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա։
Ռազմավարական «վահան». 74% և 26% բանաձևը
Ըստ ստորագրված փաստաթղթի՝ Հայաստանի տարածքում ստեղծվող «ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը», որը իրականացնելու է TRIPP-ի հիմնական մենեջմենթը, տրվում է կառուցապատման իրավունք նախնական 49 տարի ժամկետով, որից հետո համագործակցությունը կարող է երկարաձգվել ևս 50 տարով։ Նախատեսվում է, որ երկրորդ փուլում Հայաստանի մասնաբաժինը, կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ, կբարձրանա 49%-ի։
Սա հեռահար հաշվարկ է. սկզբնական շրջանում, երբ ռիսկերը բարձր են, իսկ ներդրումների կարիքը՝ ահռելի, ԱՄՆ-ն վերցնում է հիմնական պատասխանատվությունն ու վերահսկողությունը։ Դառնալով ճանապարհի հիմնական բաժնետերը՝ Միացյալ Նահանգները իրավական և տնտեսական պարտավորություն է ստանձնում պաշտպանել այդ ենթակառուցվածքը։ Ցանկացած ոտնձգություն այդ ուղու նկատմամբ այլևս չի լինի հարձակում միայն հայկական սուվերեն տարածքի վրա. դա կլինի հարձակում ամերիկյան պետական և մասնավոր սեփականության վրա։
Սա «տնտեսական խաղաղապահություն» է, որտեղ զինվորների փոխարեն անվտանգության երաշխավոր են դառնում բաժնետիրական պայմանագրերը, իսկ Հայաստանը, տարիների ընթացքում հզորացնելով սեփական ինստիտուտները, աստիճանաբար վերականգնում է իր տնտեսական կշիռը նախագծի ներսում։
Ինքնիշխանություն՝ առանց զիջումների. «Ֆրոնտ և Բեք» օֆիսներ
Նախագծի հեղինակները ունիկալ լուծում են գտել TRIPP-ի հետ կապվող ամենացավոտ հարցի՝ սահմանային վերահսկողության համար։ Օգտագործվելու է «ֆրոնտ օֆիս – բեք օֆիս» մոդելը։ «Ֆրոնտ օֆիսը» կառավարվելու է մասնավոր օպերատորների կողմից (ԱՄՆ վերահսկողությամբ), ովքեր կզբաղվեն սպասարկմամբ, վճարների հավաքագրմամբ և փաստաթղթերի նախնական մշակմամբ։ Սա ապահովելու է ճանապարհի «անխոչընդոտ» և արագ գործունեությունը։ «Բեք օֆիսը» որքան կարելի է հասկանալ, մնում է բացառապես ՀՀ պետական մարմինների ձեռքում։ Մաքսային վերջնական որոշումները, անվտանգային զննումը, վիզաների ստուգումը և իրավապահ գործողությունները իրականացնելու են միայն ՀՀ քաղաքացիները՝ ՀՀ օրենքներով։
Այսպիսով, Հայաստանը պահպանում է իր բացարձակ իրավազորությունը, բայց միևնույն ժամանակ օգտվում է ամերիկյան բարձր տեխնոլոգիական և թվային լուծումներից, որոնք սահմանային անցումը դարձնում են վայրկյանների հարց։
«Անվտանգության տնտեսականացում». հեռանկարներ և ռիսկեր
ԹՐԻՓՓ-ն իր էությամբ Հայաստանի համար «անվտանգության տնտեսականացման» մոդել է։ Փոխանակ միայն ռազմական դաշինքների կամ թղթային երաշխիքների հույսին մնալու, Հայաստանը փորձում է իր տարածքով անցնող ճանապարհի վերահսկողությունը տալ միջազգային (ԱՄՆ) կոնսորցիումի։ Նպատակը պարզ է՝ այնպես անել, որ այդ ճանապարհի անվտանգությունը դառնա ԱՄՆ-ի տնտեսական շահը։
Այս բեկումնային մոդելն այն տեսքով, ինչպես արտահայտված է հայտարարության մեջ, իր հետ բերում է ինչպես հեռանկարներ ու հնարավորություններ, այնպես էլ մարտահրավերներ։
Բացվող հեռանկարները թափանցիկ երևում են փաստաթղթում։ Մասնավորապես՝
• Անվտանգային «խարիսխ». ամերիկյան կապիտալի և 74% բաժնեմասի առկայությունը ստեղծում է «զսպման» մեխանիզմ։ Տարածաշրջանային ցանկացած ագրեսիա ճանապարհի նկատմամբ դառնում է հարձակում ամերիկյան սեփականության վրա, ինչը ենթադրում է Վաշինգտոնի կոշտ արձագանքը։
• Տնտեսական մեկուսացման ավարտ. Հայաստանը դուրս է գալիս «տրանսպորտային կույր աղիքի» կարգավիճակից և դառնում Տրանս-Կասպյան առևտրային երթուղու կենսական օղակը՝ ստանալով ուղիղ հասանելիություն համաշխարհային շուկաներին։
• Ինստիտուցիոնալ վերելք. ամերիկյան կառավարման մոդելը և տեխնոլոգիաները թույլ կտան ստեղծել սահմանային և մաքսային այնպիսի ժամանակակից համակարգ, որը Հայաստանը սեփական ուժերով չէր կարող ներդնել տասնամյակներ շարունակ։
• Խաղաղության ինստիտուցիոնալացման հեռանկար․ Ըստ էության, փորձ է արվում երաշխավորել առնվազն 49 տարով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի որևէ հետագա ագրեսիայի բացառումը։ Այսօր դա ուրախացնող է, սակայն պայմանականությունները միշտ ավելի արագ են փոփոխվում և TRIPP-ի նկատմամբ ամերիկյան հետաքրքրության կամ առաջնահերթությունների դինամիկայի փոփոխության հետ կարող են նաև փոխվել հարևանների տրամադրությունները։ Ամեն դեպքում այս պահի դրությամբ Հայաստանը որոշ ժամանակով շնչելու հնարավորություն է ստանում։
Ռիսկերը, սակայն, թաքնված են փաստաթղթի տողատակերում։ Մասնավորապես՝
• Աշխարհաքաղաքական թիրախավորում. ԱՄՆ-ի նման ակտիվ և հսկիչ փաթեթով «բաժնետիրական» ներկայությունը կարող է դիտարկվել որպես «կարմիր գիծ» տարածաշրջանային մյուս խաղացողների (Ռուսաստան, Իրան) համար՝ Հայաստանը դարձնելով գերտերությունների բախման նոր կիզակետ։
• Կախվածություն քաղաքական կամքից. քանի որ նախագիծը կրում է «Թրամփի ուղի» անվանումը և դեռ չունի խիստ իրավական պարտավորություններ, ԱՄՆ ներքաղաքական փոփոխությունները կամ առաջնահերթությունների շեղումը կարող են նախագիծը թողնել թղթի վրա՝ Հայաստանին թողնելով դեմ հանդիման բացված սպառնալիքների հետ։ Այլ կերպ ասած՝ Երևանի խնդիրն է դառնալու հասնել նրան, որ այս նախագիծը վերածվի ոչ թե ԱՄՆ վարչակարգի, այլ պետության երկարաժամկետ առաջնահերթության։
• Ինքնիշխանության «բարակ գիծը». Չնայած «բեք օֆիսի» մոդելով ինքնիշխանության պահպանմանը, ռազմավարական ենթակառուցվածքի վերահսկողության հսկիչ փաթեթի հանձնումը 99 տարով կարող է սահմանափակել Հայաստանի ճկունությունը սեփական տնտեսական քաղաքականությունն իրականացնելիս։ Հետևաբար, տնտեսական դիվերսիֆիկացումը շարունակելու է Երևանի համար մնալ ռազմավարական նպատակ։
Վաշինգտոնից-Վաշինգտոն. էվոլյուցիան
Այս հայտարարությունը 2024 թվականի դեկտեմբերին Վաշինգտոնում Արարատ Միրզոյանի և այն ժամանակվա պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողմից կնքված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնակարգի ֆոնին կարելի է որակական թռիչք համարել։ Դեկտեմբերյան փաստաթուղթը «բարի կամքի» դրսևորման հռչակագիր է, իսկ ԹՐԻՓՓ-ը՝ դրա ճարտարապետական նախագծումն է։
Տեղի է ունենում ԱՄՆ-ի ներգրավվածության մոդելի փոփոխություն դիվանագիտական աջակցությունից դեպի ռազմավարական ներդրում։ ԱՄՆ-ն այլևս չի ասում՝ «մենք սատարում ենք ձեր ինքնիշխանությանը», նա ասում է՝ «մենք ներդնում ենք ձեր ինքնիշխանության մեջ»։ Սա փոխում է խաղի կանոնները ողջ տարածաշրջանում։ Հայաստանի տնտեսական կայունությունը ԱՄՆ-ի համար դառնում է հանքանյութերի և հազվագյուտ մետաղների անվտանգ մատակարարման երաշխիք, դեպի Արևելքից Եվրոպա հաղորդակային ենթակառուցվածքները վերահսկելու միջոց։
Տնտեսական հանգու՞յց, թե՞ պարզապես միջանցք
Հիմա ամենակարևոր հարցերից մեկը մնում է հետևյալը․ արդյո՞ք Հայաստանը կլինի պարզապես դիտորդ այս մեծ ճանապարհին։ Փաստաթղթի տեքստը հստակ է՝ ԹՐԻՓՓ-ը պետք է ստեղծի ներպետական օգուտներ։ Սա նշանակում է, որ նոր երկաթգիծը և մայրուղիները չեն լինելու «ցանկապատված միջանցքներ»։ Դրանք լինելու են բաց զարկերակներ, որոնց կարող է միանալ հայկական ցանկացած բիզնես։
Հայաստանի ձգտումը՝ դառնալ տարածաշրջանային «Տնտեսական հանգույց», հիմնված է հենց այս գաղափարի վրա։ Հայաստանը, ըստ փաստաթղթի տրամաբանության, ոչ թե միայն անխոչընդոտ «ճանապարհ է տալիս» իր տարածքով, այլ նաև ինքնիշխանության և իրավազորության բավականին բարձր գործնական երաշխիքներով «ճանապարհ է ստեղծում» իր համար՝ օգտագործելով ԱՄՆ-ի ֆինանսական հզորությունը և Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապի հաստատման անհրաժեշտությունը՝ որպես լծակ։
Հաջողության գինը և նախապայմանները
Իհարկե, ԹՐԻՓՓ-ը կախարդական փայտիկ չէ։ Հայտարարության մեջ անկեղծորեն նշված են հաջողության նախադրյալները՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության ինստիտուցիոնալացում և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում։ Սա նշանակում է, որ տնտեսական այս հսկայական նախագիծը նաև քաղաքական «խթան» է։ Այն կողմերին առաջարկում է այնքան մեծ շահույթ և կայունություն, որ խաղաղությունը դարձնում է տնտեսական անհրաժեշտություն։ Միաժամանակ, սակայն ակնառու է, որ նախագծի հաջողության հիմնական երաշխիքը կապվում է Ադրբեջանի և Թւորքիայի հետագա քաղաքականության և նրանց հետ ԱՄՆ-ի հարաբերությունների հետ։
Նոր դարաշրջանի շեմին
ԹՐԻՓՓ-ը Հայաստանի համար «երկրորդ շնչառություն» է։ Այն պատասխանում է վերջին տարիների ամենադաժան հարցին՝ ինչպե՞ս մնալ անվտանգ՝ լինելով փոքր և շրջափակված։ Պատասխանը, ըստ Վաշինգտոնի և Երևանի, հետևյալն է. դառնալ այնքան կարևոր և այնքան փոխկապակցված համաշխարհային տնտեսության հետ, որ քո անվտանգությունը դառնա աշխարհի խոշորագույն տերությունների «անձնական» շահը։
Անծանո՞թ է այս կոնցեպտը մեզ։ Իհարկե, ոչ։ Հայաստանը շատ վաղուց է փորձել այն գործարկել, բայց Ռուսաստանի հետ։ Ու դրա համար Ռուսաստանին է հանձնել իր հիմնական բոլոր ստրատեգիական ենթակառուցվածքները։ Սակայն այդ մոդելը չաշխատեց, քանի որ Մոսկվայի համար դա ոչ թե թե խաղաղության ու կայունության ապահովման խթան էր, այլ Հայաստանին իր տնտեսական ինքնիշխանությունից լիովին զրկելու ձև։ TRIPP-ի հիմքում բացարձակապես հակառակ տրամաբանությունն է։ Մնում է այն թղթից վերածել գործող սիստեմի։ Եվ մեկնարկը, կարծես թե, տրվում է․․․
Գոռ Աբրահամյան
