Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 14-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««ՀՀ ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը հիշեցրել է, որ օրենսդրական փաթեթը վերաբերում է խմելու եւ ոռոգման ջրի ոլորտներում Կառավարության կողմից սահմանվող իրավական ակտերի հստակեցմանը եւ օրենսդրությամբ դրանց համար լիազորող նորմ սահմանելուն: Հիմնական զեկուցողն ընդգծել է, որ խոսքը վերաբերում է բացառապես ինքնահոս եղանակով տեղափոխվող ջրին:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Արամազդ Ղալամքարյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենքների նախագծերի վերաբերյալ ստացվել են հիմնականում խմբագրական եւ տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են. օրենսդրական փաթեթը լրամշակվել է:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:
Երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ «Կլիմայի մասին» եւ կից ներկայացված 10 օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը նշել է, որ Հայաստանը վավերացրել է «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիան եւ դրա ներքո ընդունված Փարիզյան համաձայնագիրը, որով երկիրը ստանձնել է ջերմոցային գազերի կրճատման կամավոր հանձնառություն:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենսդրական փաթեթի վերաբերյալ ներկայացվել են առաջարկներ, որոնք ընդունվել են:
Անդրադառնալով Երեւանում օդի աղտոտվածության խնդրին՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը տեղեկացրել է, որ 2025 թվականին հաստատվել է օդի որակի բարելավմանն ուղղված հնգամյա ծրագիր, որտեղ նշված են Երեւանում եւ հանրապետության ամբողջ տարածքում օդի որակի բարելավմանն ուղղված բոլոր միջոցառումներն ու ժամկետները: Նշվել է, որ մասնավորապես սահմանվել է բոլոր շինհրապարակներում փոշենստեցնող սարքեր կիրառելու վերաբերյալ պարտադիր պայման:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:
Մինչեւ երկու ամսով հետաձգվել է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» եւ ներկայացված կից օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը:

