Իրավիճակն Իրանում վերահսկողության տակ է և հանգիստ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Նրա խոսքով՝ այն հանցագործը, որի ձեռքերին է Գազայում սպանված 75 հազար մարդու արյունը, ինչպես նաև հուլիսին Իրանի դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով զոհված 1100 մարդու, այդ թվում՝ կանանց, ծերերի և երեխաների արյունը, այսօր հայտարարություններ է տարածում այն մասին, թե իբր աջակցում է և կօգնի Իրանի ժողովրդին։
«Թրամփը, որը հեղինակն է Իրանի դեմ ամենադաժան ու սաստիկ պատժամիջոցների և հանդիսացել է Իրանի տնտեսական ծանր իրավիճակի հիմնական գործոններից մեկը, այսօր խոսում է Իրանի ժողովրդին աջակցելու մասին։ Նա այն մարդն է, ով շատ պարզ և հստակ հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ժամանակ առաջին իսկ օրվանից ներգրավված է եղել պլանավորման աշխատանքներին։ Իրանի ժողովրդին սպանողները հենց Թրամփն ու Նեթանյահուն են։ Կա նաև մի անկում ապրած կերպար, որը 60 տարի է՝ Իրանում չի եղել, սակայն վստահ է, որ կարող է վերադառնալ Իրան և կառավարել երկիրը»,- ասել է դեսպանը։
Դեսպանը նաև ընդգծել է, որ այս պահի դրությամբ Իրանում որևէ հավաք կամ ցույց չի անցկացվում։ Նրա խոսքով՝ մարդիկ հասկացել են, որ իրենց բողոքելու իրավունքի արդյունքում տեղի ունեցած հավաքները, ի վերջո, որոշ խմբերի կողմից ասպարեզ մտնելու հետևանքով, հանգեցրել են բռնությունների։